«Անատոլիական սալը երեք մետր տեղաշարժվել է Թուրքիայի ավերիչ երկրաշարժերից հետո, սակայն դա վերջնական գնահատականը չէ»,- ասել է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Կառլո Դոգլիոնին։
Պրոֆեսորը նշել է, որ ցնցումները գրանցվել են Անատոլիական և Արաբական լիթոսֆերային սալերի միացման հատվածում։
«Անատոլիական սալը շարժվում է հարավարևմտյան ուղղությամբ՝ և՛ երկրակեղևի, և՛ եվրասիական ու արաբական սալերի առնչությամբ: Փաստորեն, այն շարժվում է ամեն օր՝ մի քանի միկրոնով: Բայց մինչև տարեվերջ, պարզվում է, որ մի քանի սանտիմետր է»,- մեջբերում է գիտնականի խոսքերը Anadolu գործակալությունը:
Դոգլիոնին ուշադրություն է հրավիրել այն կետի վրա, որտեղ գտնվում է Թուրքիայում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժերի էպիկենտրոնը։
«Այստեղ տեղի է ունեցել էներգիայի կուտակում, որը տևել է տասնամյակներ: Քանի որ այս կետն այլևս ի վիճակի չէր էներգիա պահել, ապա Անատոլիական սալի շարժման ֆոնի վրա էներգիա է արտազատվել»,- պարզաբանել է գիտնականը։
Պրոֆեսորը նշել է, որ դեռևս դժվար է ճշգրիտ տվյալներ հնչեցնել, թե ինչպես է Անատոլիական սալը տեղաշարժվել։
«Մեր հաշվարկներով և ԱՄՆ Երկրաբանական ծառայության նախնական գնահատականներով՝ այս հատվածով տեղաշարժը կազմել է 3 մետր, սակայն հետո ճաքը տարածվել է, և տեղաշարժը շարունակվել է, տվյալները հաստատ կավելանան»,- ասել է նա։
Թուրքիայում զոհերի թիվը, վերջին տվյալներով, գերազանցել է 17 հազարը, ավելի քան 71 հազարը վիրավորվել են։