«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ եւ բաժիններ, որոնք տեւական ժամանակ է՝ աշխատողներ չունեն: Թափուր աշխատատեղեր են առկա շատ գերատեսչություններում:
Որքան էլ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գրավիչ դարձնել պետական համակարգը, փաստ է, որ պետական գերատեսչությունների կայքերում չեն դադարում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, քանի որ մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա Երեւանի քաղաքապետարանին: Պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանը չունի աշխատակազմի քարտուղար. Սեյրան Արզումանյանը Ժ/Պ է:
Քաղաքապետարանում յուրաքանչյուր պաշտոնյայի անուն-ազգանվան վրա սեղմելիս կարող եք նաեւ տեղեկանալ նրա կենսագրական տվյալների մասին. քաղաքապետի խորհրդականների թվում նշված է Կորյուն Մկրտչյան անուն-ազգանունը, սակայն կենսագրական բոլոր տվյալները բացակայում են: Առողջապահության վարչությունը եւս ժամանակավոր պաշտոնակատար ունի՝ Յակով Ասատրյան. նրա կենսագրական տվյալները եւս բացակայում են: Ժամանակավոր պաշտոնակատարներ ունեն նաեւ Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը, Բնապահպանության վարչությունը, Գնումների վարչությունը, Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությունը, Շինարարության եւ բարեկարգման վարչությունը, Վերահսկողության վարչությունը, Լրատվության վարչությունը, Տրանսպորտի վարչությունը, Քարտուղարությունը, Քաղաքաշինության եւ հողի վերահսկման վարչությունը:
Այսինքն 26 վարչություններից12-ը ունեն ժամանակավոր պաշտոնակատարներ: Բաժիններից ժամանակավոր պաշտոնակատար ունի Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժինը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում