Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպման հետեւում կանգնած են եղել ուկրաինական հատուկ ծառայությունները, այս վարկածը հաստատվել է հետաքննության ընթացքում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։
«Հետաքննության ընթացքում հաստատվել է այն վարկածը, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ներգրավված են եղել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման գործում», - ասել է նա։
Ըստ Բաստրիկինի՝ արդեն իսկ բացահայտվել է 12 մարդ, ովքեր անմիջականորեն առնչություն ունեն այս հանցագործության հետ, «այդ թվում՝ Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ», որոնցից 8-ը կալանքի տակ են։
«Քրեական գործով այս պահին կատարվում են փորձաքննություններ, այդ թվում՝ տեխնիկական՝ դեպքի վայրում հայտնաբերված իրեղեն ապացույցների հիման վրա։ Ստացված ողջ տեղեկատվությունը ամփոփված եւ համակարգված է՝ կատարվածի եւ այս հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար», - եզրափակել է նա։