Հնդկաստանը չի ցանկանում, որպեսզի «Մեծ քսանյակի» խմբի երկրները Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ քննարկեն Նյու Դելիի մեկամյա նախագահության ընթացքում, Reuters գործակալությանը տեղեկացրել են Հնդկաստանի կառավարության վեց բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հնդկաստանում G20-ի կարեւոր հանդիպման շրջանակում «Մեծ յոթնյակի» (G7) երկրների ղեկավարները փետրվարի 23-ին հանդիպում կունենան՝ քննարկելու համար միջոցները Ռուսաստանի դեմ, երեքշաբթի ասել է Ճապոնիայի ֆինանսների նախարարը։


G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների այս շաբաթ տեղի ունեցած հանդիպմանն անմիջական մասնակցություն ունեցած աղբյուրները հայտարարել են, որ պատերազմի մակրոտնտեսական հետեւանքները կքննարկվեն, բայց Հնդկաստանը չի ցանկանում, որ քննարկվեն լրացուցիչ միջոցներ Ռուսաստանի դեմ։

«Հնդկաստանը չի ձգտում քննարկել կամ աջակցել որեւէ լրացուցիչ միջոց Ռուսաստանի դեմ G20-ի ժամանակ,- ասել է աղբյուրներից մեկը։- Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները բացասական ազդեցություն են ունեցել»։

Մյուս աղբյուրը նշել է, որ պատժամիջոցները G20-ի հարցը չեն։ «G20-ը տնտեսական համաժողով է՝ աճի հարցերը քննարկելու համար»,- ընդգծել է նա։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմը անհամամասնական ազդեցություն է ունեցել ավելի աղքատ երկրների վրա՝ բարձրացնելով վառելիքի եւ սննդամթերքների գները։

ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն երեքշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները նախատեսում են առաջիկա օրերին նոր պատժամիջոցներ եւ արտահանման վերահսկողության միջոցներ մտցնել, որոնք ուղղված են լինելու Ռուսաստանի կողմից երկակի նշանակության ապրանքների գնմանը, ինչպիսին են սառնարանները եւ միկրոալիքային վառարանները՝ կիսահաղորդիչներ ստանալու համար, որոնք անհրաժեշտ են նրա զինված ուժերին։ Պատժամիջոցները նաեւ ուղղված կլինեն նավթի եւ այլ ապրանքների վերատեղափոխմանը սահմանամերձ երկրներով։

Ադեյեմոն նաեւ ասել է, որ ավելի քան 30 երկրների կոալիցիայի պաշտոնյաները կնախազգուշացնեն այն ընկերություններին, ֆինանսական հաստատություններին եւ մասնավոր անձանց, որոնք դեռեւս բիզնես են վարում Ռուսաստանի հետ, որ իրենց պատժամիջոցներ կսպառնան, եթե շարունակեն անել դա։