Էդգար Անտինյանը հարբած վիճակում վեճի է բռնվել «Դեղձանիկ» բար ռեստորանում և հայտնվել դատարանի առջև:
Ավարտվել է գործի քննությունը, կայացվել է մեղադրական որոշումը: Այս մասին YerevanNews.am-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Էդգար Անտինյանը մեղադրվում է այն բանում, որ նա 2012 թվականի նոյեմբերի 11-ին ժամը 02-ի սահմաններում ալկոհոլային հարբածության վիճակում, ընկերուհու` Աննա Տիրացվյանի և ընկերոջ Աշոտ Ղազարյանի հետ գնացել է Վանաձոր քաղաքի «Դեղձանիկ» բար-ռեստորան, որտեղ հաշվի չառնելով նախկինում իր վատ վարքագծի պատճառով ռեստորանի աշխատակից Հռիփսիկ Կարապետյանի` ռեստորանի տարածքն ազատելու մասին իրեն ուղղված պահանջը, ռեստորանի դահլիճում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նրա նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու շարունակելով իր անհարգալից վերաբերմունքը ռեստորանի աշխատակիցների և այնտեղ գտնվող հաճախորդների նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ տալով սկսել է փնտրել ռեստորանի տնօրեն Սամվել Կարապետյանին և նրան չգտնելով, դահլիճում հաճախորդների սեղանի մոտ, սկսել է վիճել պարուհի Լուսինե Ասլանյանի հետ, այդպիսով շուրջ 40 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խափանել է բար-ռեստորանի բնականոն աշխատանքը, որի արդյունքում դադարեցվել է երգ-երաժշտությունը, հաճախորդների մի մասը հեռացել են ռեստորանից և միացվել են սրահի լույսերը:
Աշխատակից Հռիփսիկ Կարապետյանի և երգչուհի Արևիկ Գաբրիելյանի կողմից ռեստորանից հեռանալու մասին Էդգար Անտինյանին կրկին ուղղված բազմաթիվ հորդորներից հետո նա հեռացել է ռեստորանից:
Վերը նշված հանցավոր արարքը կատարելու համար նախաքննական մարմինը Էդգար Սամվելի Անտինյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 258հոդվածի 1-ին մասով և 26.06.2013 թվականին մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Մինչ դատաքննությունն սկսելը ամբաստանյալ Էդգար Սամվելի Անտինյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Քննելով գործը դատարանը վճռեց Էդգար Անտինյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 258հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: