Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ եւ քննարկել ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու հարցեր:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2022թ. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2022թ. դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ համապատասխան մարմինների՝ տեղում իրավիճակը գնահատելու և ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:


Երկուստեք նշվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը վերաբերող հարցերի: