Արդարադատության Միջազգային Դատարանը վերջերս` փետրվարի 20-ին, մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ զուգահեռ հայցում Հայաստանի կողմից ենթադրյալ ականապատման հարցով. Արդարադատության Միջազգային Դատարանը մերժեց Ադրբեջանի պնդումներն այն մասին, որ Հայաստանը կամ Լեռնային Ղարաբաղն օգտագործում են Լաչինի միջանցքը ռազմական նպատակների համար։ Այս մասին նախօրեին՝ մարտի 2-ին «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի հյուպատոսի ներկայացուցչի հարցին:

Նա նաեւ նշել է. «Այսպիսով, կարծում եմ` ես արձագանքելու կարիք չունեմ, քանի որ Արդարադատության միջազգային դատարանն արդեն արձագանքել է։ Ինչ վերաբերում է երկկողմանիորեն տարածքային ամբողջության ճանաչման հարցին, ապա դա արդեն համաձայնեցված է։ Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով կա կետ, ըստ որի` Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը, և համաձայնել են, որ դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Խոսքն Անկախ Պետությունների Համագործակցության հիմնման մասին է։


Եվ այդ հռչակագիրն ասում է, որ նախկին խորհրդային հանրապետությունների միջև վարչական բաժանումները դառնում են պետական սահմաններ։ Եվ Համաձայն Պրահայի համաձայնության` դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի այս սկզբունքի վրա։

Բայց եթե չեմ սխալվում, դրանից 10 օր անց Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։ Ի՞նչ է նշանակում պատմական քարտեզներ, երբ մենք արդեն համաձայնության ենք եկել։ Մենք արդեն համաձայնության ենք եկել, որ մեկս մյուսի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք՝ հիմք ընդունելով այդ հռչակագիրը։

Ավելին, վերջերս Ադրբեջանի նախագահը ներկայացրեց մի նոր նախաձեռնություն, որը կոչվում է «արևմտյան ադրբեջան»։ Գիտեք դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» է՝ զուգահեռ ասելով, թե մենք ուզում ենք խաղաղություն և այլն, և այլն։

Սա շատ տարօրինակ իրավիճակ է։ Սա է մեր հարաբերությունների հիմնական խնդիրը։ Մենք համաձայնության ենք հասել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, մենք ստորագրել ենք։ Ադրբեջանի նախագահը, ես ու Ռուսաստանի նախագահը ստորագրել ենք այդ փաստաթուղթը։ Մենք հասել ենք համաձայնության։ Դա ինձ համար, Հայաստանի համար շատ ծանր որոշում էր։ Կա կետ, ըստ որի` բոլոր ռազմագերիները և պահվող անձինք պետք է հայրենադարձվեն, բայց մինչ այժմ մենք ունենք 33 ռազմագերի, մենք ունենք քաղաքացիական անձ, ով գերի է։

Նա բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ էր, ում ադրբեջանցիները բռնել են Լաչինի միջանցքում, և նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ Գիտեք ինչի՞ համար։ Դրանից երեք օր առաջ նա ֆեյսբուքով ուղիղ հեռարձակման էր դուրս եկել, և ասել էր մի բան, ինչն Ադրբեջանի նախագահին դուր չէր եկել։ Ու հիմա, համաձայն ադրբեջանական դատարանի որոշման, նա հանդիսանում է «լրտես, ահաբեկիչ, մարդասպան»։