Արթուր Դավթյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի փուլերում: Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակիչում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը վաստակեց 15.083 միավոր եւ գերազանցեց բոլորի՝ նվաճելով հերթական ոսկե մեդալը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը մի փոքր անհաջող ցատկեց առաջին փորձը եւ վաստակեց 14. 966 միավոր: Երկրորդ փորձի ժամանակ, սակայն, աշխարհի չեմպիոնը շտկեց բոլոր սխալները եւ գերազանց ցատկեց: Երկու ցատկերի հանրագումարում մրցավարները նշանակեցին 15.083 միավոր:
Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Գերմանիայի Կոտբուս քաղաքում տեղի ունեցած աշխարհի գավաթի առաջին փուլում (15.133 միավոր):
Դոհայում տեղի ունեցած աշխարհի գավաթի երկրորդ փուլում Արթուր Դավթյանը միակ մեդալակիրն էր: Նախորդ օրը օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի երկու ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը մեդալ չէին նվաճել: Արթուր Ավետիսյանը եզրափակիչում վաստակել էր 14.733 միավոր եւ զբաղեցրել 4-րդ տեղը:
Վահագն Դավթյանը 14.466 միավորով 7-րդն էր:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի առաջին փուլում Կոտբուսում, Արթուր Ավետիսյանը նվաճել էր բրոնզե մեդալ:
Աշխարհի գավաթի երկրորդ փուլին մասնակցած Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը չէին հաղթահարել նժույգ թափեր վարժության որակավորման փուլը եւ դուրս մնացել պայքարից:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների համար, որտեղ վիճարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Աշխարհի գավաթի երրորդ փուլը տեղի է ունենալու Բաքվում է, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցի։