ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շաբաթ օրը՝ մարտի 4-ին, աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզում գտնվող մի շարք մշակութային և սպորտային հաստատություններ։

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ նախարարի առաջին կանգառը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն էր։ Թանգարանն աշխատում է երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-ից մինչև 18։00-ն։ Նախարարը շրջել է արգելոց-թանգարանի տարածքում, ծանոթացել խնդիրներին։ Արգելոցի տարածքն ունի ոռոգման համակարգի կառուցման, ընդհանուր տարածքի բարեկարգման, մասնավորապես` ցանկապատի կառուցման և թանգարանային շենքի նորոգման, լուսավորության ցանցի արդիականացման խնդիր։ Հարևան բնակավայրի բնակիչները արգելոց-թանգարանի տարածքը օգտագործում են նաև որպես ճանապարհ, ինչին նպաստում է կիսաքանդ, տեղ-տեղ էլ ընդհանրապես գոյություն չունեցող ցանկապատը։ Շուրջ 14 հա ընդհանուր մակերեսով պատմամշակութային տարածքն ունի պատշաճ սպասարկման անհրաժեշտություն, ինչը, ըստ թանգարանի տնօրենության, հնարավոր չէ լիարժեք իրականացնել առկա երկու հավաքարարի և մեկ բանվորի միջոցով։


« «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը մեր ամենակարևոր պատմամշակութային այցեքարտերից մեկն է և պետք է անպայման բարեկարգ ու ներկայանալի լինի՝ ընդգրկվելով զբոսաշրջային ծրագրերում»,- իր խոսքում ընդգծել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա թանգարանի տնօրենությանը հանձնարարել է ներկայացնել բարեկարգման նախահաշիվ՝ միաժամանակ շեշտելով, որ այս տարվա ծրագրերում թանգարանի շենքային հատվածի տանիքի նորոգումն արդեն ներառված է, սակայն շատ կարևոր է նորոգման աշխատանքների ամբողջական իրականացումը։ Մասնավորապես` թանգարանի մուտքային հատվածից մինչև տաճարի հատված տանող ճանապարհատվածի բարեկարգումը, ինչպես նաև շենք-շինությունների պատշաճ սպասարկումն ու նպատակային օգտագործումը, որը նաև դրական ազդեցություն կունենա այցելուների թվի վրա։

ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանն էր։ Հայաստանում ամենամեծերից մեկը համարվող թանգարան-հուշահամալիրի շուրջ 31 հա մակերեսը մշտական հոգածության անհրաժեշտություն ունի, որն ապահովում են կառույցի 102 աշխատակիցները։ Նախարարի այցելության պահին տարածքում սանիտարական մաքրման աշխատանքներ էին կատարվում։ Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանը տարեկան միջինը ունենում է 30-40 հազար այցելու, որոնց շորջ 20 տոկոսը պետական տարբեր ծրագրերի շրջանակում ունեն անվճար մուտքի իրավունք։ Տնօրենի խոսքով՝ նրանք հիմնականում ՀՀ տարբեր զորամասերի զինծառայողներ են, դպրոցականները և ուսումնական տարբեր ծրագրերում ընդգրկվածները։ Թանգարանում էքսկուրսիաներն անցկացվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն։ Նախարարը շրջել է թանգարանում, ծանոթացել ընդհանուր ցուցադրությանը՝ հատկապես հետաքրքրվելով գորգերի հավաքածուով։ Ավելի քան 2200 գորգերի և գրեթե նույն քանակությամբ կարպետների հիմնական մասը պահվում է պահոցներում։ Ըստ տնօրենի՝ դրանց մոտ 60 տոկոսը համապատասխան նորմերի և կանոնների պահպանմամբ մաքրվել և առանձնացվել է, մաքրման աշխատանքները շարունակվելու են նաև այս տարի։ Թանգարանում՝ գորգերի ցուցադրության սրահում, աշխատում է նաև գորգագործ վարպետը՝ ներկայացնելով գորգագործության արվեստը՝ որպես թանգարանի կողմից իրականացվող կրթական ծրագիր։

Թանգարանում գործում է գրադարան, որտեղ կա անտիպ հավաքածու, որը գիտնականների համար կարող է ծառայել որպես հետազոտական նյութ։ Գրադարանն ունի մշտական այցելուներ, որոնց թվում են գիտաշխատողներ և ուսանողներ։

Թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը, ներկայացնելով խնդիրները, նշել է, որ հուշահամալիրի այգու ոռոգման ցանցն ունի արդիականացման ու թարմացման կարիք, ինչպես նաև կան գույքային իրավունքների հստակեցման խնդիրներ։ Դրանց լուծման ուղղությամբ նախատեսվող քայլերը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կքննարկվեն։

Արմավիր կատարած մարզային այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց, ծանոթացել մարզումային պայմաններին և առկա մի շարք խնդիրներին։ Նախարարին զեկուցվել է, որ մասնաճյուղերի հետ միասին շուրջ 228 սաներ հաճախում են մարզադպրոց՝ սկսած 7 տարեկանից։ Այստեղ իրականացվում են բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի մարզումներ։ Հպարտությամբ ներկայացնելով իրենց սաների մարզական հաջողություները՝ դպրոցի տնօրենն ու մարզիչները շեշտել են, որ սաների թվում, թեև փոքրաթիվ, կան նաև աղջիկներ՝ այդ թվում մեծ նվաճումների ասպարեզում հաջողությունների հասած։ Նախորդ տարի Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Անի Հովսեփյանի՝ չեմպիոն դառնալուց հետո, որը նաև ճանաչվեց տարվա 10 լավագույն մարզիկներից մեկը, ավելացել է դպրոցում բռնցքամարտով զբաղվող աղջիկների թիվը։

Մարզադպրոցն ունի բարեկարգման և ջեռուցման առաջնային խնդիր, որը կարող է իրականացվել շենքի հետ կապված իրավունքների հստակեցումներից հետո։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում նույնպես նախարարը ծանոթացել է հիմնական խնդիրներին։ Այստեղ շուրջ 23 հա մակերեսով արգելոց-թանգարանի տարածքում ոռոգման համակարգի և ցանկապատի կառուցման խնդիրներ կան, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել, ինչը մտահոգիչ է, հատկապես որ հնավայրում պեղման աշխատանքները շարունակվելու են։ Թանգարանային հատվածը, որտեղ 5-7 հազար տարվա հնության հատուկ ռեժիմով պահվող բացառիկ նմուշներ կան, այդ թվում` ոսկյա, արծաթե և բրոնզե թանկարժեք իրեր, նույնպես բարեկարգման կարիք ունի։ Տնօրենությանը հանձնարարվել է ներկայացնել անհրաժեշտ աշխատանքների նախագիծ և նախահաշիվ՝ դրանց իրականացման տարբերակները քննարկելու նպատակով։

Նախարարն այցելել է նաև Արմավիրի մարզային գրադարան, ինչպես նաև Էջմիածնի պատկերասրահ և Մհեր Աբեղյանի անվան թանգարան։ Վերջին երկու հաստատությունները գործում են որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղեր։ Նախարարը տեղում արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ։ Մասնավորապես` Էջմիածնի պատկերասրահի ջեռուցման համակարգի անցկացման, ինչպես նաև շենքի երկրորդ հարկի չօգտագործվող հատվածի բարեկարգման հարցերը ԿԳՄՍ նախարարության համապատասխան կառույցների կողմից կքննակվեն՝ բարելավման աշխատանքների նախաձեռնման նպատակով։