Այսօր՝ մարտի 7-ին, ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

29 վարակվածից 26-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված են մեկ դեղաչափով:


Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիշեցնենք՝ մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք։ Մարտի 6-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։