«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել էր թմրաբանական փորձաքննություն, քանի որ կասկածներ էին եղել, թե թմրանյութ է եղել կացարանում: Եզրակացությամբ հաստատվել է, որ ողջ մնացած զինվորներն ու սպան թմրանյութ չեն օգտագործել։ Նախաքննական մարմինը նաեւ դատաքիմիական փորձաքննություն է նշանակել՝ հասկանալու համար, թե նրանք ալկոհոլ օգտագործել են, թե ոչ։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կենդանի մնացած երկու զինվորն ու սպան ալկոհոլ եւս օգտագործած չեն եղել: Ի դեպ, սպա Եղիշե Հակոբյանին այրվածքաբանության հիվանդանոցից տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, եւ նա կրկին պատրաստակամություն է հայտնել շարունակել հարցաքննությունը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհ էր բռնկվել, ինչ հետեւանքով մահացան 15 զինծառայող. գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում