Տղամարդիկ երկու անգամ կանանցից ավելի հաճախ են դառնում վնասվածքների հանգեցրած ճանապարհատրանսպորտային պատահարների մեղավորներ, նշվել է Ավստրիայի տրանսպորտի ակումբի (VCÖ) հետազոտությունում, տեղեկացրել է Kronen Zeitung թերթը։
Ավստրիայում, օրինակ, 2021թ. վնասվածքների հանգեցրած ՃՏՊ-ների միայն մեկ երրորդն է տեղի ունեցել կանանց մեղքով (10,1 հազար մեղավոր կին՝ 21,4 հազար տղամարդու համեմատ)։ 2020թ. եւս տղամարդիկ նման ՃՏՊ-ների համար երկու անգամ ավելի շատ են մեղավոր եղել, քան կանայք։ Հետազոտության համաձայն՝ 2019-2021թթ. ՃՏՊ-ներից մահացել է 291 կին, իսկ զոհված տղամարդկանց թիվը մոտ երեք անգամ ավելին է եղել (825 մարդ)։ Միտումը պահպանվել է նաեւ 2022թ.՝ առաջին 11 ամիսներին մահացել են 86 կին եւ 253 տղամարդ։
«Եթե տղամարդիկ նույնքան անվտանգ տեղաշարժվեին, որքան կանայք, ապա մահերի թիվն Ավստրիայի ճանապարհներին կրկնակի քիչ կլիներ»,- ասել է VCÖ-ի ներկայացուցիչ Լինա Մոսհամերը։
Միաժամանակ նշվել է, որ Ավստրիայում, ընդհանուր առմամբ, կանայք ավելի հաճախ ոտքով են շրջում, ավելի հազվադեպ են մեքենա ու մոտոցիկլ վարում, քան տղամարդիկ։ Բացի այդ, 2019-2021թթ. ալկոհոլ օգտագործելու պատճառով ՃՏՊ-ներում հայտնված բոլոր վարորդների 86 տոկոսը եղել են տղամարդիկ։