Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային զորամասի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի հայտարարած վարկածին, ըստ որի՝ կապիտանը 5 լիտրանոց բենզին տարայով փորձել է վառել վառարանը, ինչի հետեւանքով է հրդեհը բռնկվել, չի հավատում «Gallup International Association»-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների 70 %-ը։
Այսպիսով, վարկածին հավատում է հարցվածների 6․5 տոկոսը, «ավելի շուտ վստահում եմ» տարբերակն ընտրել է 12․3 տոկոսը, «ավելի շուտ չեմ վստահում» տարբերակը՝ 18․8 տոկոսը եւ ընդհարապես վարկածին չի վստահում 51․7 տոկոսը։ 10 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել հարցին։
«Այսինքն՝ մոտավորապես միայն 20 տոկոսն է ինչ-որ չափով վստահում Նիկոլ Փաշինյանի այդ պաշտոնական վարկածին, որը, կարծում եմ՝ պետք էլ չէր ներկայացնել, քանի որ դեռ չկար հետաքննություն, չկային արդյունքներ։ Միգուցե այս ցուցանիշները կարելի է էքստրապոլացնել ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի վստահության հետ։ Ես կարծում եմ՝ եթե նա դա ասեր 2018 թվականին, գուցե 90 տոկոսը վստահեր այդ խոսքին, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մենք անգամ այս հարցումով տեսնում ենք, որ գերակշիռ մասն այլեւս չի վստահում Նիկոլ Փաշինյանին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասաց «Gallup International Association» հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը: