«Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է։ Այս տեղեկությունը հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս պահին էլ Հակակոռուպցիոն դատարանը քննում է Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
«ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «CՕVID-19»-ի ախտորոշման եւ բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը:
Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության եւ տուբերկուլոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման եւ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող եւ դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։
Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը եւ իրացնելը, ինչպես նաեւ նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։
Մասնավորապես՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետեւ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։
Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:
Առողջապահության նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանը, նախարարի հրամանով պատասխանատու լինելով վերը նշված ծրագրի ֆինանսավորման համակարգման համար, ինչպես նաեւ պարտավոր լինելով իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների դուրսգրման գործառույթների նկատմամբ հսկողություն, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ի հետ քավորսանիկական, ինչպես նաեւ նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է՝ հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի եւ խմբի անդամների նկատմամբ, որի հետեւանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերություն, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ եւ չեն արձանագրել այդ անհամապատասխանությունները:
Գ. Սիմոնյանի հիշյալ գործողությունների արդյունքում «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն հնարավորություն է ստացել նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:
Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 2023 թվականի մարտի 9-ին Գ. Սիմոնյանի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին:
Ձերբակալվել են նաեւ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու եւս 8 անձ:
Նախաքննությունը շարունակվում է: