ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչներն այսօր՝ մարտի 13-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց: Նրանք պահանջում են, որ ՊԵԿ-ն իրենց հարցմանը պատասխանի պատշաճ, այլապես նրանք կպահանջեն ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրաժարականը։

Հավաքվածները նշում են, որ օրեր առաջ հարցում են ուղարկել ՊԵԿ–ին` պահանջելով իրենց ներկայացնել ՊՆ նախկին շենքի սեյսմիկ վիճակի մասին տեխնիկական հետազոտությունների արդյունքները։


ՊԵԿ–ից նրանց պատասխանել են, որ նշված շենքերի սեյսմիկ վիճակի մասին տեխնիկական հետազոտությունների արդյունքները վերաբերում են տվյալ տարածքի օրինական շահառուին` ՊԵԿ–ին, իսկ տարածքն ազատելու հարցում ՊԵԿ ձեռնարկած գործողությունները եղել են օրինաչափ և բխել են ՀՀ օրենսդրության պահանջներից։

«Սա մեզ համար ոչ մի բան ա, կարող ենք հաշվել, որ ՊԵԿ–ը մեզ երկու հատ սպիտակ թուղթ է տվել։ Սա պատասխան չի հանդիսանում, սա ոչ մի բան է։ Եթե այդ շենքը իսկապես վթարային է, ու մեզ դրա համար են տարհանել, թող հետազոտության արդյունքները տրամադրեն, համոզվենք»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

ՊՆ նախկին շենքի բնակիչները համոզված են, որ այդ շենքը վթարային չէ, իրենց տարհանել են, քանի որ շենքը պետք է օգտագործվի այլ նպատակներով։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում ՊԵԿ նախագահ Ռուստամ բադասյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ՊՆ նախկին շենքը թվարային է եւ վտանգավոր է այնտեղ գտնվելը:

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն 12 ընտանիքի է կացարանով ապահովել։

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։

Նշենք, որ արդեն շաբաթներ շարունակ ՊՆ նախկին շենքից վտարված բազմաթիվ քաղաքացներ շենքի մոտ երկու վրան են տեղադրել եւ բնակվում են այդտեղ: