Վերջին շրջանում հայ-բրիտանական համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է եւ այդ գործընթացում լուրջ դերակատարություն ունեն երկու երկրների խորհրդարանականները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան: Բրիտանական պատվիրակությունը գլխավորում է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ջոն Ութինգդեյլը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նալբանդյանի բնորոշմամբ, խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր լրացուցիչ խթան է հանդիսանում երկու երկրների միջեւ փոխըմբռնումը զարգացնելու եւ կապերն ամրապնդելու գործում։ Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մայիսին իր կատարած այցը Միացյալ Թագավորություն եւ դրա շրջանակներում հանդիպումները բրիտանական խորհրդարանում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ բրիտանացի խորհրդարանականները ընդգծել են, որ շարունակելու են ջանքերը՝ երկու երկրների միջեւ բարեկամական փոխհարաբերությունների հետագա ամրապնդման եւ ընդլայնման գործում։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի։ Հյուրերի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից իրագործվող ջանքերը։

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային նշանակության մի շարք հարցեր։