Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վրդովմունք է առաջացրել սոցիալական ցանցերում: Հեռուստադիտողները նկատել են, թե ինչպես է նա հանել իր շքեղ ժամացույցը կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է Guardian-ը:
Հեռուստատեսային ելույթը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ Ֆրանսիայում զանգվածային ցույցերից մեկ օր առաջ, ի նշան կառավարության դեմ բողոքի, որը կենսաթոշակային տարիքը 62-ից դարձրել է 64։
Ֆրանսիայի նախագահի հարցազրույցը, որը մեղադրանքների է արժանացել այն բանի համար, որ նա արհամարհում է հասարակության խնդիրները, մեծ զայրույթ է առաջացրել ուրբաթ օրը, երբ քննադատները հայտարարել են, որ նա ձեռքից հանել է 80 հազար եվրո արժողությամբ ժամացույցը: Մյուսները պնդում են, որ այն արժե 2400 եվրո կամ ավելի քիչ։
Նշվում է, որ նա հանել է ժամացույցը, երբ հարցազրույցի ժամանակ ձեռքերը գտնվել են սեղանի տակ։ Դա գնահատվել է որպես ապացույց, որ նա «հարուստների նախագահն է»։
Սակալ Ելիսեյան պալատի ներկայացուցիչները փորձել են վերջ դնել վրդովմունքին՝ ասելով, որ Մակրոնը հանել է ժամացույցը, քանի որ «այն հարվածում էր սեղանին», երբ 30-րոպեանոց հարցազրույց էր տալիս։
Ժամացույցը հանելուց առաջ, հարցազրույցի մեկնարկից մոտ 10 րոպե անց, թակոց է լսվել, երբ Մակրոնը ձեռքերը դրել է սեղանին: Հետո նա ձեռքերը դրել է սեղանի տակ։ Երբ նա հանել է ձեռքերը, ժամացույցը բացակայել է ձախ դաստակից։
Այս մանեւրը արագ նկատել են Ֆրանսիայում։ Այդ պահը վիրուսային է դարձել համացանցում։
Ժամացույցի ճշգրիտ արժեքը հայտնի չէ։ Ֆրանսիական լրատվամիջոցները ենթադրում են, որ այն պատրաստվել է ֆրանսիական Bell & Ross ընկերության կողմից եւ արժե 1600-2400 եվրո։