Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից հնարավոր սպառնալիքների աճի ֆոնին Պենտագոնը սկսել է ԱՄՆ տիեզերական ուժերին (USSF) նախապատրաստել տիեզերքում այդ երկրների հետ ապագայում հնարավոր հակամարտությանը, գրում է The Wall Street Journal-ը։

WSJ-ի տվյալներով՝ ընթացիկ ամսում Սպիտակ տունն առաջարկել է USSF-ի տարեկան բյուջեն հասցնել 30 մլրդ դոլարի։ Դա գրեթե 4 միլիարդ դոլարով ավելի է, քան 2022 թվականին։ Ընդ որում, առաջին անգամ USSF-ի ծախսերի հոդվածում ներառվել է մարզասարքերի եւ այլ սարքավորումների ձեռքբերումը տիեզերական ուժերի զինծառայողներին հնարավոր մարտական գործողություններին նախապատրաստելու համար, պարզել են լրագրողները:


Նշվում է, որ հրթիռներ արձակելու տիեզերական ուժերի ռազմական պայմանագրերի հաջորդ փաթեթի կենտրոնական մասը նրանց պաշտպանությունն է Չինաստանի եւ այլ հակառակորդների հարձակումներից: Այս միջոցառումների նպատակն է արբանյակները ավելի դժվար հասանելի դարձնել թշնամու սարքավորումների համար։

2023 թվականի փետրվարի 16-ին ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության վարչության փոխտնօրեն Կոնստանտին Վորոնցովը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական նպատակներով օգտագործվող տիեզերական օբյեկտները «կարող են օրինական թիրախ դառնալ Ռուսաստանի պատասխան հարվածի համար»։

2021 թվականի նոյեմբերին Ռուսաստանը ռազմական փորձարկումների ժամանակ տիեզերական զենքով ոչնչացրել է խորհրդային արբանյակը։ Արդյունքում ՄՏԿ-ի անձնակազմը հայտնվել է տիեզերական աղբի՝ արբանյակի բեկորների հետ բախման վտանգի տակ։

2022 թվականի դեկտեմբերի սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ռուսաստանի Դաշնության բանաձեւը տիեզերքում առաջինը զենք չտեղակայելու մասին։ Այդ փաստաթղթին կողմ է քվեարկել 122 երկիր, դեմ՝ 50, եւս չորսը ձեռնպահ է մնացել: