Վերջապես թափ է առնում մի գործընթաց, որի մասին վերջին 5 տարիներին անընդհատ խոսել ենք, եւ որի բացակայության համար ամենաշատն ենք քննադատվել. Խոսքը ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմների մասին է: Այս մասին յսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք տեսնում ենք, որ այս ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը շատ ակտիվ աշխատում է: Հույս ունեմ, որ հարցի էությունը իրավաբանական բանավեճերի մեջ չի կորսվի։ Սա շատ կարևոր գործընթաց եմ համարում։ Մենք պետք է շատ հստակ արձանագրենք, թե ինչի մասին է ապօրինի գույքի ու հարկերից խուսափելու թեման. դա մեր երեխաների չստացած կրթությունն է, դա մեր անվտանգային չապահովված իրավիճակն է, դա մեր երկրի բարեկեցության մակարդակն է ու այսպես շարունակ։
Իհարկե, բաներ կան, որ անվերադարձ կորսված են, ամենակարևորը՝ ժամանակը, բայց հիմա շատ կարևոր է, որ մենք հանրության առաջ մեր ստանձնած պարտավորություններում լինենք սկզբունքային»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ այս ամենը չի կարող վերաբերվել միայն նախկինում տեղի ունեցած դեպքերին. «Մեզ համար ոչ մի տարբերություն չկա՝ դա երեկ է տեղի ունեցել, թե այսօր է տեղի ունենում, մեր խնդիրն է ապահովել, որ վաղն այդ նույն բանը տեղի չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։