Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:

Նա տեղադրել է ՀՀ ՊՆ-ի հրապարակած տեսանյութով, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները սադրանքի նպատակով մեքենայով գալիս ՀՀ ԶՈւ ինժեներական աշխատանքներ կատարող զինծառայողների մոտ և կրակ բացում նրանց ուղղությամբ՝ սպանելով 4 և ծանր վիրավորելով 6 զինծառայողի։


«Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նորություն չէ, դա 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված հարձակումների շարունակությունն է, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքները»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: