Իսրայելի հետախուզության և ատոմային էներգիայի նախարար Գիլա Գամլիելը կհանդիպի իրանական վերջին Շահ Փահլավիի դինաստիայի ղեկավար, Իրանի թագաժառանգ Շահզադե Ռեզա Փահլավիի հետ, որն այժմ ապրում է ԱՄՆ-ում: Շահի ժառանգորդը պատրաստվում է պաշտոնական այց կատարել Իսրայել՝ «ամրապնդելու նպատակով Իսրայելի և Իրանի ժողովուրդների հարաբերությունները, կամուրջ ստեղծելու երկու ժողովուրդների միջեւ»,- ասվում է Իսրայելի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։
«Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելը կընդունի Իրանի թագաժառանգ արքայազն Ռեզա Փահլավիին՝ շահի որդուն և երբևէ հանրային այցով Իսրայել այցելած իրանցի ամենաբարձրաստիճան գործչին», - ասվում է հայտարարության մեջ։
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Իրանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։
«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավիին, և ես բարձր եմ գնահատում առաջին անգամ Իսրայել այցելելու նրա խիզախ որոշումը», - ասել է նախարարը:
Իր այցի ընթացքում Ռեզա Փահլավին կմասնակցի Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված պաշտոնական բացման արարողությանը, կայցելի աղազերծման գործարան՝ ծանոթանալու իսրայելական ջրամատակարարման տեխնոլոգիաներին, կհանդիպի Բահայի կրոնական համայնքի և հրեա-իրանական համայնքի անդամների հետ։
Թագաժառանգը պետք է գահը վերցներ հոր՝ շահ Մուհամմեդ Ռեզա Փահլավիից հետո, սակայն 1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո նա ընտանիքի հետ լքել է երկիրը։