Մենք ամենեւին էլ իշխող էլիտա չենք, մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, որոնք կառավարելու մանդատ են ստացել ժողովրդից: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:

«Այս իրավիճակի թերություն այն է, որ բարոյական արգելքներն ու արգելակները մեզ թույլ չեն տալիս ժողովրդի թիկունքում գործարքների գնալ այլ էլիտաների հետ, ինչը մեր շուրջը մեծացնում է լարվածությունը, առավելությունն այն է, որ մենք շարունակում ենք էմոցիոնալ, սոցիալ-հոգեբանական ամուր կապի մեջ լինել, պորտալարով կապված լինել մեր ժողովրդի հետ, ինչը հնարավորություն է տալիս լռելյայն հասկանալ շատ բաներ, որոնց բարձրաձայնումը կարող է բերել նույնիսկ միջազգային սկանդալների եւ աշխարհաքաղաքական խնդիրների»,-ասաց նա:


«Մեր զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ ու խաղաղ ապրելը, մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով:

Իհարկե, սա հնարավոր է, եթե նույն նպատակը որդեգրեն նաեւ մյուսները, բայց մենք կարող ենք դա առաջինը անել: Այս է պատճառը, որ ես այս բարձր ամբիոնից բարձրառայնում եմ այդ խնդիրը եւ արձանագրում այս մոտեցումը: Սա որեւէ կերպ չի նշանակում մոռանալ մեր պատմությունը, այլ նշանակում է փորձել փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ մենք ինքնիշխան պետության պատմագրության դպրոց ստեղծելու հարցում մեծ հաջողություններ չունենք եւ մեր պատմագիտական բովանդակության մի զգալի հատվածը սահմանափակված է սովետական պատմագիտության կաղապարում, որը ինչ-որ առումով համահունչ է հայկական անկախության չգոյության եւ անգամ հակոտնյա է ինքնիշխանության հայեցակարգին: «Մեր մեծագույն մոլորությունն այն է եղել, որ մենք խորհրդահայ պատմագիտության հենասյուների վրա կարող ենք անկախ պետական գիտակցություն ստեղծել: Օրինակ հայրենասիրության մեր մոդելի խնդիրը: ՀՀ-ն եւ կամ հայկական պետականությունը հայրենասիրության մեր մոդելի առաջնային օբյեկտ չի եղել երբեք, եւ սոցիալ-հոգեբանական մակարդակում այս իրավիճակը պահպանվում է նաեւ այսօր: Պատճառը մեկն է, հայրենասիրության այդ մոդելի հեղինակը մենք ինքներս չենք: Մենք առավելագույնը համահեղինակ ենք,, իսկ առավել մեծ հավանականությամբ՝ սպառող: Եվ ուրեմն այն, ինչ ասացի, իրականում հայրենասիրության մեր սեփական, մեր պետական մոդելի ստեղծման անհրաժեշտության օրակարգին է վերաբերում: Օրակարգում նման հարց կա, որի լուծումը մենսական անհրաժեշտություն է ազգային անվտանգության հարցում»,-հայտարարեց Փաշինյանը: