Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի 3 մասնակից:
Ապրիլի 20-ին 89 կգ քաշայինների պայքարում հանդես կգա աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 27-ամյա Անդրանիկ Կարապետյանը: Նրա նախնական հայտը երկամարտում 370 կգ է:
Անդրանիկ Կարապետյանից 5 կգ ավելի հայտ է ներկայացրել Եվրոպայի եռակի ու գործող չեմպիոն, աշխարհի եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իտալացի Անտոնինո Պիցոլատոն: 380 կգ նախնական հայտ է ներկայացրել աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կարլոս Նասարը: A խմբի պայքարը կմեկնարկի 17:30-ին:
Երեկոյան մրցահերթում կանանց հավաքականից պայքարի մեջ կմտնեն 76 կգ քաշայիններ Մ23 Եվրոպայի փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանը եւ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն Էմմա Պողոսյանը:
Տաթեւ Հակոբյանի նախնական հայտը երկամարտում 235 կգ է: Էմմա Պողոսյանը 225 կգ հայտ է ներկայացրել: Այս քաշային կարգում ֆավորիտը Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարիա Ջուզեպե Ֆեգյուն է 245 կգ նախնական հայտով:
Կանանց 76 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի 20:00-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում անցկացվող ԵԱ-ում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: Երկամարտի 320 կգ արդյունքով նա նվաճեց այս քաշային կարգի երեք ոսկիները: Ապրիլի 19-ին բրոնզե մեդալակիր է դարձել 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով: Ապրիլի 16-ին էլ կանանց հավաքականից բրոնզե մեդալակիր էր դարձել 55 կգ քաշային Իզաբելա Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով:
Ապրիլի 15-23-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մասնակցում է ամբողջական կազմերով՝ 20 ծանրորդով:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը ընգրկված են նաեւ Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանն ու Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ կանանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Աննա Ամրոյանը եւ Լիանա Գյուրջյանը (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Մարգարիտա Առաքելյանը (87կգ) եւ Ջուլիետա Ավանեսյանը (+87):
Ապրիլի 21, 09:00
Աննա Ամրոյան, 81 կգ, B խումբ (նախնական հայտ՝ 210 կգ)
17:30
Լիանա Գյուրջյան, 81 կգ (նախնական հայտ՝ 230 կգ)
20:00
Արա Աղանյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)
Դավիթ Հովհաննիսյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)
Ապրիլի 22, 15:00
Գարիկ Կարապետյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)
17:30
Սամվել Գասպարյան, 109 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)
Պետրոս Պետրոսյան, 109 կգ (նախնական հայտ՝ 390 կգ)
20:00
Մարգարիտա Առաքելյան, 87 կգ (նախնական հայտ՝ 205 կգ)
Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 240 կգ)
Ապրիլի 23 , 13:30
Ջուլիետա Ավանեսյան, +87 կգ (նախնական հայտ՝ 220 կգ)
16:00
Վարազդատ Լալայան, +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)
Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ (նախնական հայտ՝ 435 կգ):
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար: Օլիմպիական քաշային կարգերն են՝ 61 կգ, 73 կգ , 89 կգ, 102 կգ , +102 կգ: