Ադրբեջանի կողմից Հակարի կամրջի վրա անցակետի տեղադրումից հետո Արցախում, մեծ հաշվով, իրավիճակի փոփոխություն չկա, որովհետեւ միջանցքի փակ լինելը երեկ չէ, որ առաջացել է, արդեն 4,5 ամիս է շարունակվում է Արցախի շրջափակումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Այսինքն այն հումանիտար խնդիրները, որ որոնք կան շրջափակման հետեւանքով, անցակետի տեղադրումից հետո դեռեւս որեւէ փոփոխության չեն ենթարկվել: Հարցն այն է, որ անցակետի տեղադրումով, ենթադրաբար, Ադրբեջանը խստացնելու է արգելափակումը, շրջափակումը: Ես կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից լինելու են գործողություններ՝ խոչընդոտելու նաեւ ռուսական խաղաղապահների եւ կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով հումանիտար բեռների տեղափոխման գործընթացը: Այս պահի դրությամբ այդ մարմիններից դեռ նման տեղեկատվություն չկա, բայց պետք է հաշվի առնենք, որ անցակետի տեղադրումը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը շարունակում է անցակետի կառուցման աշխատանքները»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է Շուշիի շրջանի երեք գյուղերին՝ Հին Շեն, Մեծ Շեն եւ Եղծահող, որոնք ունեին որոշակի կապ Հայաստանի հետ, Գեղամ Ստեփանյանը նշեց, որ այս ընթացքում այն գյուղերն ազատ հաղորդակցություն չեն ունեցել Հայաստանի հետ եւ նրանց եւս հումանիտար ապրանքների մատկարարումն իրականացվում էր խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջոցով:

«Այս պահին ստացվում է այնպես, որ այդ համայնքները երկկողմանի մեկուսացված վիճակում են, կապ չկա Ստեփանակերտի հետ, կապ չկա նաեւ Հայաստանի հետ»,-ընդգծեց նա:

Հարցին, թե ո՞րն է Ադրբեջանը նպատակը, ՄԻՊ-ը պատասխանեց. «Անցակետի տեղադրումը Ադրբեջանի քողարկված պլանների բացահայտում էր: Նրանք սկսել են «բնապահպանական» ակցիաներով, բայց տեսնելով, որ արցախցիները որեւէ ձեւով չեն պատրաստվում լքել իրենց հայրենիքը, Ադրբեջանն անցնում է բացահայտ լկտի եւ եռակողմ հայտարարությանն ուղիղ հակասող քայլի՝ միջանցքի սկզբնամասում անցակետ տեղակայելով: Բազմիցս խոսվել է, թե որոնք են Ադրբեջանի նպատակները, և ես այս առումով մեկ բան կարող եմ ավելացնել, որ իմ շփումներն էլ միջազգային տարբեր պաշտոնյանների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այս ընթացքում իմ տպավորություն են ստեղծել, որ եթե նախկինում, երբ ես հայտարարում էին, ապացույցներ և փաստարկներ էի ներկայացնում, որ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ձգտում է էթնիկ զտում իրականացնել Արցախում, շատ հաճախ կար իմ խոսքերի կամ ընդհանուր առմամբ մեր դիրքորոշումների նկատմամբ որոշակի թերահավատություն կամ կասկածամտություն կամ այնպիսի մոտեցում, թե իբրև թե մենք ուճացնում ենք իրավիճակը, բայց շրջափակումը նաև այդ անձանց և տարբեր դերակատարների մոտ այդ հստակ համոզմունքը ձևավորեց, որ, այո՜, այս գործողությունները նպատակ են հետապնդում էթնիկ զտման ենթարկելու Արցախը: Եվ սրա մասին է անթաքույց հայտարարել է Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում, տարբեր հարցազրույցների ժամանակ, և այդ համոզմունքն իրապես ձևավորված է նաև միջազգային դերակատարների մոտ: Սակայն ամենամեծ խնդիրը և ամենացավալի հարցն այն է, որ անգամ ունենալով նման համոզմունք և անմգամ իրավիճակն իրական պատկերացնելով՝ խոսքից գործի անցնելու անջրպետը դեռևս հաղթահարված չէ միջազգային դերակատարների մոտ: Եվ ես իրապես ցավ եմ ապրում, որ մարդիկ, որոնք տարբեր հարթակներում խոսում են մարդու իրավունքների պաշտպանության մասին, և այսօր էլ հավանաբար դատապարտել և հիշել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այդպես էլ մատը մատին չեն տալիս՝ կանխելու նոր ցեղասպանությունները և կանխելու հայ ժողովրդին պատուհասած ճգնաժամային և աղետալի իրավիճակը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել էր Հայաստան-Արցախ այլընտրաքային ճանապարհին գտնվող Հակարիի կամուրջը, ապա պաշտոնապես հայտարարել էր անցակետի տեղադրման մասին: