Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2013թ. հունիսի 7-ի որոշմամբ չեղյալ է համարել 2009թ. սեպտեմբերի 15-ի N220-Ա որոշումը, ըստ որի արգելվում էր թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի և մթերքի ՀՀ տարածք ներկրումը:
Փաստորեն, սույն որոշումով արգելքի որոշումը համարվում է ուժը կորցրած: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, հավելելով, որ դա կապված է նաև ազատ առևտրի հետ:
Նրա խոսքերով, այն դեպքում, երբ Հայաստանում չկա սննդամթերքի պատշաճ վերահկողություն, անընդունել է թշնամի երկրից սննդամթերքի ներմուծումը:
«Ինչպե՞ս կարելի է ՀՀ ներմուծել թուրքական կամ ադրբեջանական ծագման մթերք այն դեպքում, երբ ընդամենն օրեր առաջ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա լաբորատորիա, որը կարող է ստուգել մթերքում բենզապիրենի առկայությունը, ինչն էլ ուղղակիորեն ապացուցում է, որ ՀՀ ներմուծվող մթերքները ստուգվում են անվտանգության ոչ բոլոր ցուցանիշների նկատմամբ», - նշեց նա:
Բ. Պիպոյանի խոսքերով, շատ կարևոր է նաև այն հարցը, թե ինչ չափորոշիչներով են իրականացվելու սահմանային հսկողությունը և մթերքի` ՀՀ տարածք ներմուծումը:
YerevanNews.am-ը այս խնդրի հետ կապված դիմել է նաև ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, որտեղ մեր հարցերին պատասխանեցին գրավոր կերպով:
Ծառայության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից YerevanNews.am-ին հաստատեցին, որ ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2013 թ. հունիսի 7-ի N 103-Ա հրամանով ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009թ. սեպտեմբերի 15-ի N220-Ա հրամանն ուժը կորցրած է ճանաչվել, որի արդյունքում թույլատրվում է Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետություններից Հայաստանի Հանրապետություն սննդամթերք ներմուծել:
Նույն ծառայությունից նաև տեղեկացնում են, որ, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը չունի բաց սահման Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունների հետ, հետևաբար՝ այդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ցանկացած ապրանք հնարավոր է ներմուծել միայն երրորդ երկրների միջոցով:
Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք ստացվել են բողոքներ ադրբեջանական ծագման ապրանքների վերաբերյալ, ծառայությունից պատասխանել են, որ 2013թ. հունիսի 7-ից մինչ օրս Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական ծագման սննդամթերք օրինական ճանապարհով չի ներմուծվել, հետևաբար` Ծառայությունը բողոք չի ստացել ՀՀ շուկայում գոյություն չունեցող սննդամթերքի վերաբերյալ:
Հ.Գ Ստացվում է, որ այսուհետ կարելի է զգուշանալ ցանկացած տեսակի կենդանական և բուսական հումք և սննդամթերք գնելիս, քանի որ այն հնարավոր է ներմուծված լինի Թուրքիայից կամ Ադրբեջանից: Իսկ, քանի որ ՀՀ-ում սննդամթերքի որակի վերահսկողությունը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, բարձրորակ ապրանք գտնելը դժվարին գործ է դառնում:
Հետաքրքիրը նաև այնն է, որ որոշումից երեք ամիս անց շատ քչերն են տեղյակ նախարարի նման որոշման մասին: Բոլորը լռում են, կամ չեն ցանկանում մեկնաբանել նման տխրահռչակ որոշումները:
Ստորև ներկայացնում ենք նաև Նախարարի վերը հիշատակված որոշումը, որը, սակայն դեռ ոչ մի տեղ լայն տարածում չի գտել:
Լուսանկարը` «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից