Աստանայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում ապրիլի 26-ին հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին եւ հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը գրաված չինացի Դին Լիրենն անցկացրին 12-րդ պարտիան։
Սպիտակ ֆիգուրներով խաղաց Դին Լիրենը եւ հաղթեց 38-րդ քայլում։
Ընդհանուր հաշիվը հավասարվեց՝ 6:6։
Չեմպիոնական մրցամարտի առաջին պարտիայում գրանցվել է ոչ ոքի, երկրորդ պարտիայում Նեպոմնյաշչին սեւ ֆիգուրներով հասել է հաղթանակի, երրորդ պարտիայում կողմերը համաձայնել են ոչ ոքի արդյունքի, չորրորդ պարտիայում հաղթել է Դին Լիրենը, 5-րդ պարտիայում՝ Նեպոմնյաշչին, 6-րդ պարտիայում՝ Դին Լիրենը, 7-րդ պարտիայում՝ Նեպոմնյաշչին։ 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ պարտիաներում գրանցվել է ոչ ոքի։
Գրոսմայստերները կանցկացնեն 14 պարտիա։ Կհաղթի առաջինը 7,5 միավոր վաստակած գրոսմայստերը։ Հավասարության դեպքում՝ կանցկացվի թայ-բրեյք արագ խաղի 4 պարտիայից։
Մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է։ Չեմպիոնը կստանա 60 տոկոսը, թայ-բրեյքի դեպքում՝ 55 տոկոսը։
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվել էր պաշտպանել տիտղոսը՝ չցանկանալով երկրորդ անգամ չեմպիոնական մրցամարտ անցկացնել Նեպոմնյաշչու հետ։
Two games to go. #NepoDing pic.twitter.com/V1XNJuzLip
— International Chess Federation (@FIDE_chess) April 26, 2023