Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը՝ նշելով, որ դա Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ընդգծում է՝ Ադրբեջանի նման գործելաոճը խոչընդոտում է նաև Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների շարունակմանը, որին վճռականորեն հանձնառու է վարչապետ Փաշինյանը, և լուրջ վտանգ է տարածաշրջանի կայունության համար, որի վրա արդեն իսկ խորապես ազդում է ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստը։

Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով, Հաագայի դատարանը շաբաթներ առաջ որոշում կայացրեց՝ պահանջելով Բաքվից իր իրավասության շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար. «Որոշումը պարտադիր է բոլորի համար, և պետք է հարգվի։ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ը»:


Կոլոնան ընդգծեց, որ Ֆրանսիայի ցանկությունն է, որ բոլոր վեճերը լուծվեն բացառապես բանակցային ճանապարհով. «Սա է Ֆրանսիայի հանձնառության հիմքում՝ Եվրամիության կողքին։ Եվ պատասխանատվության, բանակցությունների վերսկսման և օրենքի հարգման այս կոչը լսելի դարձնելու համար է, որ ես այս շաբաթ այցելում եմ Ադրբեջան և Հայաստան:

Մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև՝ բնակչության իրավունքների և երաշխիքների բովանդակության շուրջ։ Սա ենթադրում է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն նման բանակցությունների համար, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման հարցի վերաբերյալ։

Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով ՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը: Դա նրա անխախտ իրավունքն է»,-հայտարարեց նա: