Այսօր՝ ապրիլի 30-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ժամը 22:20-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ Արշակունյաց 278 հասցեում գործող «Կառավելլ» ռեստորանային համալիրի դիմաց վիրավոր քաղաքացի կա։
Նշված ռեստորանային համալիրի մոտ պարեկները նկատել են կասկածելի երիտասարդի, ով տեսնելով պարեկներին դիմել է փախուստի՝ ընթացքում գցելով իր մոտ եղած դանակը։
Սակայն պարեկները կարողացել են բռնել նրան և տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Պարեկները հայտնաբերել են նաև նրա կողմից շպրտված դանակը։
Այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանը նշված ռեստորանային համալիրի ներսում օպերատիվ խմբի հետ փորձում է պարզել՝ արդյոք այդ վայրում են տեղի ունեցել դանակահարությունները։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։