Երթուղի է դուրս եկել «MAN» մակնիշի ավտոբուսների 2-րդ խմբաքանակը: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 2-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ:

Մինչ այդ «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով աշխատող 3-րդ ավտոբուսային երթուղու ամբողջ շարժակազմը փոխարինվել է: Ուղեգիծը սպասարկում է Նոր Նորքի 9-րդ զանգվածի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչներին:


Բացի այդ, 47 համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինվել են միջին դասի «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով, որոնք կսպասարկեն 48 երթուղին:

Փոքր դասի ավտոբուսները կփոխարինեն 21 համարի երթուղու շարժակազմը, իսկ 18 համարն այսուհետ քաղաքացիներին կսպասարկի «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով:

Միասնական տոմսային համակարգի ներդրման փորձնական աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ համար 1 ավտոբուսային երթուղու 14 շարժակազմում տեղադրվել են հատուկ վճարային սարքավորումներ: Երթուղու երկայնքով բոլոր տերմինալներում ակտիվացվել է տոմս ձեռք բերելու համապատասխան կոճակը: Նախատեսվում է դրանք փորձարկել նաև բջջային հավելվածում: