«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավորը չի պատժվում սեռական բնույթի հայհոյանքներ ներկայացնելու համար, իսկ շարքային քաղաքացիները նույն արարքի համար պատժվում են:
Բանն այն է, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով մի կին օգտատեր հայտարարեց, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Վիրաբյանն անպարկեշտ նամակը հրապարակել էր նաեւ սոցիալական ցանցի իր էջում:
Եվ, չնայած պատգամավորը հայտարարեց, թե իր էջը կարծես թե կոտրել են, սակայն փաստերը հրապարակված էին, իսկ Աղազարյանը հայհոյելու համար այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս: Դրան զուգահեռ՝ «Ժողովորդ» օրաթերթը ներկայացնում է փաստեր, թե ինչպես են շարքային քաղաքացիները նույն կերպ հայհոյել ու խիստ պատասխանատվության ենթարկվել:
Օրինակ՝ Գալուստ Զամանովի Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի հրապարակման «մեկնաբանություններ» բաժնում կատարել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, առերեւույթ ծանր վիրավորանք պարունակող հրապարակում, որով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցրել է ծանր վիրավորանք: Իսկ Արտակ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2022թ.-ի փետրվարի 25-ին մի հրապարակման տակ մեկնաբանություն է գրել՝ հասցնելով ծանր վիրավորանք՝ Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին հայհոյելը անխուսափելի պատժելի արարք է, իսկ երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է հայհոյում՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մնում է անպատիժ: Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ երկար ճառեր էր ասում ու արդարության բարձրաձայնումներ անում ԱԺ ամբիոնից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում