Պետությունը շարունակում է փոխհատուցել 2020 թվականի 44–օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց երեխաների ու ամուսինների ուսման վարձերը։ Փոխհատուցման հերթական փուլի որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում։

Ներկայացված նախագծի համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2023 թվականի մարտի 30-ն ընկած ժամակահատվածում ԿԳՄՍ նախարարությունում բուհերի կողմից ներկայացվել են 59 ուսանողի տվյալներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է 16 344 800 դրամ։


Հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ, որոնք զորացրվել են 2022 թվականի ամռանը և 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակից շարունակել ուսումը։

Նշենք, որ փոխհատուցումը գործում է 2021թ–ից, և ամեն տարի որոշման ժամկետը երկարացվում է։

Ընդհանուր առմամբ 2021 թվականին ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,6 մլրդ դրամ։

2022 թվականին փոխհատուցում է ստացել 1613 ուսանող, ուսման վարձի փոխհատուցման գումարը կազմել է 382 մլն դրամ: