Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արձանագրում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Արցախի նախագահը շեշտում է՝ ոչ ոք չպետք է մոռանա, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։


Հարցազրույցում Արցախի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, Ադրբեջանի նախագահի վերջին ագրեսիվ հայտարարություններին և Արցախի ժողովրդին ուղղված սպառնալիքներին, ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե Լաչինի միջանցքը բացառապես հումանիտար բեռների տեղափոխման համար է։

Պարոն Նախագահ, ինչպե՞ս եք գնահատում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։ Նախևառաջ, կարևոր է հստակեցնել, որ Արցախ-Հայաստան ճանապարհին արդեն ադրբեջանական երկու ապօրինի անցակետ է գործում, մեկը՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ից, իսկ մյուսը՝ Շուշիի մոտ, որտեղ ապրիլի 28-ին ադրբեջանցի ոստիկանները փոխարինել են դեկտեմբերի 12-ից ճանապարհը արգելափակած Ադրբեջանի կառավարության՝ քաղաքացիական հագուստով գործակալներին կամ «էկո-ահաբեկիչներին»: Ուստի, անկախ այն հանգամանքից, որ Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետում ադրբեջանական կողմը իբր «սահմանային վերահսկողություն» է ձևացնում, Արցախի շրջափակումը ոչ միայն շարունակվում է, այլև՝ ժամանակի ընթացքում անվտանգային ռիսկերն ու հումանիտար հիմնախնդիրները ավելի են սրվում Ադրբեջանի ագրեսիվ վարքի պատճառով:

Իմ գնահատականն արտացոլված է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի ապրիլի 23-ի հայտարարության մեջ, որով բացարձակ անընդունելի ենք համարել ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող և միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի արգելափակումը և այնտեղ անցակետի տեղադրումը։ Այդ քայլով Ադրբեջանն Արցախի ժողովրդին վերջնականապես դարձրել է պատանդ իր ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության հետագա գործողությունը դրել լուրջ վտանգի տակ։ Դիմել ենք նաև Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակումը վերացնելու, ադրբեջանական անցակետը հանելու և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու պահանջներով։ Դեռևս ակնկալում ենք գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ:

Անընդունելի ու ցավալի է, որ Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է Եռակողմ հայտարարության դրույթները, այլև չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումները: Ուստի, մեր հիմնավոր ակնկալիքն է միջազգային հանրության բոլոր պատասխանատու դերակատարներից՝ պատշաճ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա նշված պարտավորությունների անհապաղ ու ամբողջական կատարման նպատակով:

Ադրբեջանական հեռուստատեսությանն օրերս տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հերթական անգամ վերջնագիր է ներկայացրել արցախահայությանը, ասելով՝ «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ էլ պետք է իրենց համար այլ բնակության վայր գտնեն»։ Վերջնագրային լեզվով տևական ժամանակ խոսելն ինքնին մի կողմից խոսուն կերպով վկայում է այդ երկրի ղեկավարության դավանած ոչ քաղաքակիրթ արժեհամակարգի մասին, բայց, որ ուշագրավ է, մյուս կողմից էլ մերկացնում է հարևան երկրի ղեկավարի հռետորաբանության մեջ լուրջ հակասությունը։ Խոսքն այն մասին է, որ 44-օրյա պատերազմից հետո Ալիևն անդադար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է։ Միգուցե նրա ագրեսիվությունն ու վերջնագրային ոճը պատճառաբանված են ա՞յն բանով, որ իրենից բացի աշխարհում ոչ ոք նման պնդում չի անում, և որ հիմնախնդիրն ամենևին էլ լուծված չէ։ Այլապես, եթե լուծված է, ինչու՞ է այդքան նյարդայնանում։

Նախ՝ ինչ վերաբերում է ընդհանրապես ինտեգրմանը, ապա շատ ավելի պահանջված ու ցանկալի է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ինտեգրումը քաղաքակիրթ աշխարհին, քաղաքական մշակույթին, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեհամակարգին։ Կարծում եմ, դրանով իսկ շատ հարցեր կլուծվեին հարևան պետությունների հետ Ադրբեջանի հարաբերություններում։

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանա-արցախյան հակամարտությանը, ապա, իրոք, Ադրբեջանի նախագահն արդեն երրորդ տարին շարունակ փորձում է աշխարհին համոզել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, և որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլևս գոյություն չունի։ Սակայն, այո, խնդիրն այն է, որ այս ամենի շուրջ նա չունի լայն միջազգային հանրության համաձայնություն։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել։

Երբեմն կարևոր է հակամարտության պատմության մեջ փնտրել հարցերի պատասխանները: ԽՍՀՄ Սահմանադրության չեղարկման հետևանքով խորհրդային հանրապետությունների ձևավորման և տարածքային բաժանման իրավական հիմքերը վերացել են: Պետությունները հռչակվում էին այդ տարածքներում ապրող առանձին տիտղոսակիր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Գործնականում նախկին Հայկական ԽՍՀ-ն, ԼՂԻՄ-ը և Ադրբեջանական ԽՍՀ-ն միաժամանակ հռչակեցին իրենց անկախությունը՝ միջազգային իրավունքին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան։ Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության ձևավորմանը։ Սակայն, նորաստեղծ Ադրբեջանական Հանրապետությունն անհիմն հավակնություներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունն ի սկզբանե արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնությունների առկայության փաստը։ Այստեղ գոյություն ունի անչափ կարևոր մի հանգամանք։ 1992 թվականի հունվարի 30-ին Ադրբեջանը, ճանաչված լինելով ընդամենը մի քանի պետությունների կողմից, Հայաստանի հետ նույն օրն անդամագրվեց ԵԱՀԽ-ին։ Այդ պետությունների ինքնիշխանությունը ԵԱՀԽ-ի կողմից ճանաչվել էր այն պայմանով, որ նրանք իրենց հերթին ճանաչում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ տարաձայնությունների առկայության փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԽ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովի ժամանակ։ Երկու պետություններն էլ տվել են նման համաձայնություն, դրանով իսկ ընդունելով Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակը և ստանձնելով հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն։

Սակայն, ԵԱՀԽ-ին անդամակցելուց հետո Ադրբեջանն անմիջապես խախտեց իր միջազգային պարտավորությունը։ ԼՂՀ ադրբեջանաբնակ բնակավայրերը վերածելով ռազմական հենակետերի՝ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ օգտվեց ինքնապաշտպանության իր իրավունքից։ Ադրբեջանի ագրեսիան պսակվեց պարտությամբ իր իսկ համար։ Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ-ն) դե-ֆակտո կայացել է 1992-94 թվականներին Ղարաբաղյան առաջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի արդյունքում։ Միջազգայնորեն ճանաչվել է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը։ Միջազգային բանակցություններում ցայսօր չկա ոչ մի պայմանավորվածություն ինչպես ԼՂՀ կարգավիճակի, այնպես էլ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի սահմանազատման գծի շուրջ։ Կարգավիճակի շուրջ որևէ համաձայնություն չկա նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակում է ունենալ հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ, բայց ոչ երբեք Ադրբեջանի մաս։

Ավելին, պետք է հաշվի առնել նաև, որ Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից 1991 թ. օգոստոսին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և նույն տարվա հոկտեմբերին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հռչակել 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը: Իսկ նախախորհրդային այդ ժամանակաշրջանում նույնպես Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն համարվում էր որպես վիճելի տարածք՝ պաշտոնապես ընդունված Ազգերի Լիգայի կողմից: Ուշագրավ է նաև, որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը շատ ավելի լայն սահմաններ ուներ, և ԽՍՀՄ կազմում գոյության առաջին տարիներին նույնիսկ ընդհանուր սահման է ունեցել Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հետ: Այս փաստերից շատ կարևոր հարց է ծագում, թե արդյ՞ոք Ադրբեջանի անկախության հռչակված հիմնարար փաստաթղթերով չի ընդունվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ու տարածքների վիճելիության փաստը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։