Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները. Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ եւ ակնկալում ենք, որ մեր հարեւանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Անկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նաեւ ընդգծել է. «2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:


Գործընկերնե՛ր, այս օրերին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի նախաձեռնությամբ ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները: Քննարկման առարկա են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ սա դրական զարգացում է, եւ ես հաջողություն եմ մաղթում դիվանագետներին:

Հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել խաղաղության, կայունության եւ մարդկանց բարեկեցության ամրապնդմանը, ինչպես ամրագրված է ՍԾՏՀ կանոնադրությամբ եւ Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կանոնադրական փաստաթղթերով»: