Իրանի էկոնոմիկայի նախարար Էհսան Խանդուզին ուրբաթ հանդիպել է սաուդցի գործընկերոջ՝ Մոհամեդ Ալ-Ջադանի հետ Ջիդա նավահանգստային քաղաքում, տեղեկացրել է Mehr-ը։

Հանդիպումը կայացել է ուրբաթ, Զարգացման իսլամական բանկի խմբի ամենամյա նիստերի շրջանակում։


«Երկու նախարարները, որոնք հանդիպել են առաջին անգամ երկար տարիներ հետո, քննարկել են Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման հնարավորությունները»,- տեղեկացրել է Saudi Gazette-ը։

Խանդուզին բարձր է գնահատել երկու երկրների հաշտեցումը՝ Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ տնտեսական հարաբերությունների ընդլայնումն անվանելով «շահեկան» զարգացում, որն օգուտ կբերի տարածաշրջանի երկրներին։

«Համաձայնագիրը, որը կնքվել է բարեկամական երկրների միջնորդությամբ, Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կընդլայնի առեւտրային եւ ներդրումային հնարավորությունները»,- ավելացրել է նա։

Դեռեւս հունվարին նախարարը հայտարարել էր, որ թագավորությունը դիտարկում է ԱՄՆ դոլարից տարբեր արտարժույթով միջազգային առեւտրին մասնակցելու հնարավորությունը։ «Որեւէ խնդիր չկա, թե ինչպես ենք մենք վճարելու մեր առեւտրային համաձայնագրերում՝ դոլարով, եվրոյով, թե սաուդյան ռիալով»,- այն ժամանակ ասել էր Ալ-Ջադանը։

Սաուդյան Արաբիան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2016թ. հունվարին այն բանից հետո, երբ մոլեգնած ցուցարարները խուժել էին Թեհրանում թագավորության դեսպանատուն։ Ցույցերն Իրանում պայմանավորված էին Էր Ռիադի կողմից նշանավոր շիա հոգեւորական, շեյխ Նիմր Բաքիր ալ-Նիմրի մահապատժով։

Սակայն, 2021թ. սկսած, երկու կողմերը Իրաքի մայրաքաղաք Բաղդադում բանակցությունների 5 փուլ են անցկացրել։ Այս տարվա մարտին, ինտենսիվ բանակցություններից հետո, որոնք անցկացվել են Չինաստանում, նրանք համաձայնագիր են կնքել։ Համաձայնագիրը կողմերին պարտավորեցրել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները եւ նորից դեսպանություններ բացել երկու ամսվա ընթացքում։