Զոհված զինծառայողների ծնողները նկարել են՝ ինչպես է Աշոտ Փաշինյանն ինքնակամ նստում ավտոմեքենան: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է վարչապետի որդին ինքնակամ քայլում զոհված զինծառայողների ծնողներից Գայանե Հակոբյանի հետ։

«Արի գնանք, նստենք տղամարդավարի խոսենք իրար հետ»,-դիմելով Փաշինյանին ասում է Գայանե Հակոբյանը՝ ապա մյուսներին հորդորում. «Ոչ մեկդ չգանք մեզ հետ»:


Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել է, որ զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։

«Որդիների կանչ» ՀԿ-ն մանրամասներ է հայտնել միջադեպի մասին, ըստ որի. «Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից»։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ NEWS.am-ին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։

Իր հերթին ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։