ԱՄՆ-ն հայտարարել է, որ թույլ կտա իր արեւմտյան դաշնակիցներին ժամանակակից կործանիչներ մատակարարել Ուկրաինային, ներառյալ ամերիկյան F-16-երը, ինչը լուրջ օգնություն կլինի Կիեւի համար, հաղորդում է BBC-ն։

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ որոշման մասին տեղեկացրել է Մեծ յոթնյակի իր գործընկերներին ուրբաթ օրը Ճապոնիայում կայացած գագաթաժողովում:


Ամերիկյան զորքերը նաեւ կիեւցի օդաչուներին կսովորեցնեն օգտագործել այդ ինքնաթիռները, ասել է Սալիվանը:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք, մեր դաշնակիցներն ու գործընկերները, իսկապես կենտրոնացել ենք Ուկրաինային համակարգային զենք տրամադրելու եւ այս տարվա գարնանը եւ ամռանը հարձակողական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների վրա»,-Հիրոսիմայում լրագրողներին ասել է Սալիվանը:

«Այժմ մենք անցել ենք ուկրաինական ռազմաօդային ուժերի կատարելագործման հարցի քննարկմանը՝ որպես Ուկրաինայի ինքնապաշտպանության մեր երկարաժամկետ պարտավորության մաս»,-հավելել է նա։

Սալիվանը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն Կիեւին զենք է մատակարարել «ըստ անհրաժեշտության», իսկ Ուկրաինային ժամանակակից կործանիչներ մատակարարելու որոշումը վկայում է այն մասին, որ հակամարտությունը նոր փուլ է մտել:

«Այժմ մենք տրամադրել ենք այն ամենը, ինչ խոստացել ենք, եւ ուկրաինացիներին դրել ենք այնպիսի դրության մեջ, որը թույլ կտա նրանց հակահարձակման միջոցով առաջընթաց գրանցել մարտի դաշտում»,-հավելել է նա։

Սալիվանը նաեւ նշել է, որ կործանիչները կօգտագործվեն միայն պաշտպանության նպատակով։