2008-ին մեզ մոտ պատերազմ էր, հիշում եք մեկին, ով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել, մեր պատերազմը պատերազմ չէ, բայց Ուկրաինայում պատերազմը պատերա՞զմ է: Որտեղ է տրամաբանությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Կատարի տնտեսական համաժողովի ամենամյա պանելային քննարկման ժամանակ, հաղորդում է վրացական Առաջին ալիքը։

Ըստ Ղարիբաշվիլիի, 2008 թվականի պատերազմից հետո ԱՄՆ-ն եւ Եվրոպան սովորականի պես շարունակեցին բիզնես վարել Ռուսաստանի հետ։


«Վրացական տնտեսությունը կփլուզվի, մենք կվնասենք մեր ժողովրդին, եթե Ռուսաստանի դեմ երկկողմանի տնտեսական պատժամիջոցներ սահմանենք։ Լավ գիտեք, մենք 2008-ին պատերազմ ենք ունեցել, հիշու՞մ եք որեւէ մեկին, ով պատերազմի ժամանակ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ։ Ոչ ոք։ Աշխարհում ոչ ոք ճիշտ, համարժեք արձագանք չտվեց։ Եվ ահա հարց եմ տալիս․ ո՞րն է տրամաբանությունը․ մեր պատերազմը պատերազմ չէր, բայց պատերազմն Ուկրաինայում պատերա՞զմ է։ Պետք է ասեմ, որ մենք հիասթափված էինք, որ 2008 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի հետ բիզնեսը սովորական ռեժիմով շարունակվում էր։

Այդ ավերիչ պատերազմից հետո մեր երկրի տարածքի 20 տոկոսը դեռ օկուպացված է Ռուսաստանի կողմից, Ռուսաստանը մեր պատմական հողի վրա երկու ռազմաբազա կառուցեց, Ռուսաստանը ճանաչեց մեր պատմական շրջանների այսպես կոչված անկախությունը եւ այս օկուպացիան շարունակվում է։

Ուստի իմ եվրոպացի, ամերիկացի ընկերներին ուղղված հարցս հետեւյալն է. Թանկագին ընկերներ, դուք սովորականի պես բիզնես էիք վարում Ռուսաստանի հետ, պատժամիջոցներ չէիք կիրառում նրա դեմ։ Մինչեւ 2022 թվականը ԵՄ-ն Ռուսաստանին վճարեց 2,3 տրիլիոն դոլար, ոչ ոք չդադարեցրեց բիզնեսը Ռուսաստանի հետ, կարծես ոչինչ էլ չէր եղել։

Այս իրավիճակում ես կցանկանայի վերահաստատել, որ մենք աջակցում ենք Ուկրաինային, ուկրաինացի ժողովրդին։ Մենք ցանկանում ենք, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի։ Մենք միացել ենք ավելի քան 500 բանաձեւերին, բոլոր միջազգային հարթակներում ներկայացված դիմումներին եւ ամբողջությամբ հետեւում ենք միջազգային պատժամիջոցներին։ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Վրաստանի ֆինանսական հաստատությունները՝ Ազգային բանկը, հետեւում են ֆինանսական պատժամիջոցներին։

Ինչ վերաբերում է տնտեսական պատժամիջոցներին, ապա Ռուսաստանի հետ Վրաստանի առեւտուրը մեկ միլիարդ դոլարից էլ պակաս է։ Համեմատության համար․ ԵՄ-ն ընդամենը չորս օրում առեւտուր է անում այնքան, որքան մենք առեւտուր ենք անում մեկ ամբողջ տարվա ընթացքում։ Դա ծիծաղելի է: Տրամաբանություն չկա։ Սա կվնասի մեր երկրի ազգային շահերին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։