Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է. <<Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի և կանոնադրական մարմինների հերթական նիստը և, կարծում եմ, որ այդ նիստը հետաքրքիր է հենց ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ամրացման տեսանկյունից, որովհետև նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծում: ՀԱՊԿ-ի շրջանակներում միացյալ ավիացիոն ուժերի ստեղծումը մեր երկրի անվտանգության համար ունի շատ կարևոր նշանակություն:
Երկրորդ կարևորագույն հարցը, որ այսօր առաջարկում եմ քննարկել վերաբերում է հոկտեմբերի 1-4-ը Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին: Կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է վերլուծելու առկա խնդիրները և նաև նախանշել նոր ուղղություններ ռազմատնտեսական համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում խորացնելու համար:
Եվ երրորդը` հոկտեմբերի 1-4-ը կայանալիք «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության անցկացումն է Երևանում, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է մեր երկրում: Այստեղ նույպես մենք պետք է քննարկենք ինչ խնդիրներ կա այդ միջոցառումը պատշաճ իրականացնելու համար>>:
Նիստի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից ՀԱՊԿ շրջանակներում իրականացված և առաջիկայում նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ զեկույցներով հանդես եկան համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Արձանագրվեց, որ բոլոր աշխատանքները կատարված են պատշաճ և ըստ ժամանակացույցի:
Հանձնաժողովը նիստում քննարկեց նաև կազմակերպչական հարցեր: