Հնագետները Հյուսիսային ծովում գտել են գերմանական լեգենդար Ռունգհոլթ քաղաքի եկեղեցու հիմքը, որը ջրի տակ է անցել 1362թ. ուժեղ փոթորկից հետո։ Դրա համար գիտնականներն օգտվել են երկրաֆիզիկական վիզուալացման մեթոդներից եւ թվայնացրել տասը քառակուսի կիլոմետր տղմոտ նստվածք, գրել է IFL Science-ը։
Ռունգհոլթը աշխույժ նավահանգստային քաղաք էր Գերմանիայի հյուսիսում, ժամանակակից Քյոլնից ոչ հեռու։ Այն կարելի է անվանել միջնադարյան մեգապոլիս. այստեղ ապրել է մոտ երեք հազար մարդ, կառուցվել է 500 տուն։
Ռունգհոլթի եկեղեցին գտնվել է քաղաքի կենտրոնում։ Հիմքի չափը՝ 40-ը 15 մետրի վրա։ Այն ջրի տակ է անցել, ինչպես եւ մյուս շենքերը, 1362թ. հունվարի 16-ին։ Այն ժամանակ փոթորկի պատճառով քաղաքում քանդվել է ջրամբարը, Ռունգհոլթի հետ միասին խորտակվել են 14 բնակավայրեր, զոհվել հազարավոր մարդիկ։
«Ռունգհոլթը գեղեցիկ, բարգավաճող քաղաք էր։ Այստեղ ապրում էին ձկնորսներ, երկրագործներ, առեւտրականներ եւ անգամ հոգեւորականներ, որովհետեւ եղել է եկեղեցի։ Ռունգհոլթի բնակիչներն իրենց վաստակն ապահովում էին աղի եւ սաթի վաճառքով։ Նրանք կապ էին պահպանում Իսպանիայի հետ, որտեղ այն ժամանակ իշխում էին մավրերը»,- Bild-ին ասել է պատմաբան Տանյա Հերմանը։