Ուկրաինան Գերմանիայից Taurus թեւավոր հրթիռներ է խնդրել, գրել է գերմանական Spiegel պարբերականը։

Գերմանիան Ուկրաինայի խնդրանքն ստացել է վերջին օրերին, տեղեկացրել է Գերմանիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Երկիրը որեւէ լրացուցիչ մանրամասն չի նշել նամակում, օրինակ, թե քանի միավոր հրթիռ է ուզում։


Մի քանի օր առաջ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայացուցիչ, պաշտպանության գծով փորձագետ Ռոդերիխ Քիզեվեթերը կողմ էր արտահայտվել Ուկրաինային գերմանական Taurus թեւավոր հրթիռներ տրամադրելուն։ Նրա խոսքով՝ 500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռները Ուկրաինային թույլ կտան «հարված հասցնել ռուսական ռազմական ենթակառուցվածքին ճակատի գծից բավական հեռու»։ Մոտ 600 Taurus գնվել է բունդեսվերի համար տասը տարի առաջ։ Դրանցից «մոտ 150-ն» աշխատում է նաեւ այսօր։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը զգույշ է արձագանքել Քիզեվեթերի առաջարկին։

Նա, ընդ որում, ասել է. «Իմ կարծիքով՝ մենք պետք է աջակցենք Ուկրաինային բոլոր համակարգերով, որոնք թույլատրելի են միջազգային իրավունքով եւ անհրաժեշտ են հաղթանակի համար, եւ որոնք մենք կարող ենք տրամադրել»։