Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Բայց կա պարտավորություն և հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմա Աթայի հռչակագրին համահունչ։ Անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում սրա շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Որ քարտեզով` պայմանավորվածություն չկա»,– ասաց արտգործնախարարը։
Նա հավելեց, որ որքանով իրեն է հայտնի, հնգակողմ հանդիպման ժամանակ Քիշնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առարկություն չի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ. «Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում և պատրաստակամություն կա շարունակելու աշխատանքները միջազգային ողջ հանրության և Հայաստանի Հանրապետության կողմից։ Մենք կարծում ենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը 1975 թվականի քարտեզով ճանաչելը և դելիմիտացիայի աշխատանքներն այդ հիմքով սկսելը ընդունելի լուծում է ՀՀ–ի համար»,– նշեց Միրզոյանը։
Նա նշեց, որ ըստ իրենց պատկերացման` սահմանազատման հիմք պետք է լինեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր և քարտեզներ, որոնք ձեռնտու են այս կամ այն կողմին, այլ որոնք իրավականորեն ամենաանխոցելին են։
Միրզոյանը հավելեց, որ իրեն հայտնի հանդիպումների արդյունքներով` Ալիևը միշտ առարկել է սահմանազատման համար որպես հիմք վերցնել 1975 թվականի քարտեզները, և միայն վերջին` քիշնևյան հանդիպման ժամանակ է, որ ասել է` դեմ չէ։
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց կա, բայց չեն կարող ասել, որ այդ հարցը վերջնական լուծված է։
Ադրբեջանի ԱԳՆ–ն այսօր հայտարարել է, որ Բաքուն և Երևանը կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չունեն։