Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր Բանդայի գործով նիստը հետաձգվեց ՝ նիստին չէին ներկայացել պաշտպանները և ամբաստանյալ Քյարամ Ամոյանը: Այս մասին տեղեկանում ենք «Փաստինֆո»-ից:

Դատարանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից գրություն էր ստացել, որ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը թույլ է տալիս մասնակցել դատական նիստին, սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է նիստին մասնակցել:

Դատարանը հրապարակեց նաև պաշտպաններ Կարեն Հակոբյանի, Ստեփան Ոսկանյանի և Վաչագան Քոսյանի գրությունները, որտեղ պաշտպանները դատարանին ծանուցում էին, որ իրենք չեն կարող ներկայանալ Կենտրոն և Նորք-Մարաշ դատարան, քանի որ այլ դատարանում նախապես նշանակված նիստերի են մասնակցում:

Դատարանը ձեռնպահ մնաց գնահատական տալ պաշտպանների և ամբաստանյալի բացակայությանը:

Նշենք, որ այսօր նիստում նախատեսվում էր քննարկել գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանի հոր՝ Ալբերտ Դալլաքյանի դիմումը: Վերջերս «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացած ամբաստանյալի հայրը խնդրում է իր որդու դեմ գործը կարճել ոչ թե մահվան փաստով, այլ արդարացման հիմքով, քանի որ, ըստ նրա,իր որդին անմեղ է: Ինչպես նաև նախատեսվում էր քննության առնել սեպտեմբերի 9-ի դատական նիստում ամբաստանյալներ Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի և Արթուր Մանուկյանի դրսևորած վարքագծի ու նրանց նկատմամբ դատական սանկցիայի տեսակն ընտրելու հարցը: Այդ օրն ամբաստանյալներն ինքնավնասել էին իրենց:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին:

Լուսանկարը՝ Pastinfo.am-ի