«Անկախ»-ի խնդրանքով Վազգեն Մանուկյանն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։
Պարոն Մանուկյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց՝ հարուցված քրեական գործում «խափանման միջոցի պայմանները խախտելու» համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գործընթացը։ Ի՞նչ նպատակ է դա հետապնդում։
Ոչ մի լուրջ փաստարկ չբերվեց, թե ինչու խափանման միջոցը փոխեցին կալանքի։ Դա Նիկոլ Փաշինյանի սովորական խաղերից է։ Բնականաբար ակտիվ քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի գործունեությունն իրենց գրգռում է, բայց ես կարծում եմ՝ բուն արմատն այդտեղ չէ, արմատը հասարակության ուշադրությունը Հայաստանում ստեղծված իրավիճակից պերմանենտ շեղելու մեջ է։
Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց մի բան, որը հայ ժողովրդի համար պետք է ցնցող լիներ. զինանշանի քննարկման առիթն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր պնդում արեց՝ որ Արարատ լեռն ու Նոյյան տապանը հայ ժողովրդի հետ որևէ կապ չունեն։
Սովորական ճանապարհ է․ սկզբում՝ կարծիք, հետո՝ պնդում, վերջում՝ որոշում և իրագործում։
Անգլիացիներն ասում են, որ իրենց ուժը միջուկային զենքն է և իրենց պատմությունը։ Հայ ժողովրդի ուժի աղբյուրը նույնպես իր հազարամյակների հարուստ պատմությունն է։ Նիկոլ Փաշինյանի նպատակը հայ ժողովրդի պատմական հիշողությունը ջնջելն է։
Երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցան դեպքեր, որոնց հետևանքով այժմ ադրբեջանցիների կողմից ամբողջովին արգելափակված է միջանցքով տեղաշարժը։
Այս խնդիրներից և սպասվող ծանր իրադարձություններից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով Նիկոլ Փաշինյանը, իր գործելաոճի համաձայն, կրկին ակտիվացնելու է ներքաղաքական ինտրիգները, ձերբակալությունները և այլն։