«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ կյանքից 71 տարեկան հասակում հեռացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ներկայացված ՔՊ կուսակցության ցուցակում հաջորդ ով է, որ պետք է փոխարինի Վիգեն Խաչատրյանին:
Ըստ այդ ցուցակի, հաջորդն Արարատի փոխմարզպետ Տիգրան Պարսիլյանն է, որը ՔՊ ցուցակի 94-րդ համարն է: Նա մշտապես ակտիվ է ՔՊ-ի բոլոր մարզային միջոցառումների ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանից ճշտել՝ վերցնելու՞ է մանդատը, թե՞ ոչ, սակայն նա մեր հաղորդագրությունը թողեց անարձագանք: ՔՊ-ական պատգամավորները մեզ հետ զրույցում հայտարարում էին, որ դեռևս ոչ մի բան հայտնի չէ, քանի որ իրենց համար շոկային է եղել Վիգեն Խաչատրյանի մահվան բոթը:
Երեկ գրեթե բոլոր ՔՊ-ականները ցերեկը զրուցել, հանդիպել էին Խաչատրյանին, իսկ արդեն երեկոյան տեղեկացել նրա մահվան լուրի մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում