«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի դատական իշխանության անկախության թիվ մեկ երաշխավոր Բարձրագույն դատական խորհրդի կազմում աշխատելը դատական համակարգում դարձել է անցանկալի պաշտոն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայաստանյան մի շարք դատարանների նախագահներ, ստանալով ԲԴԽ անդամ դառնալու առաջարկ, մերժել են: Հիմա քաղաքական իշխանությունները փնտրտուքի մեջ են:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արարատի մարզի դատարանի նախագահ Հարություն Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահ Սերոբ Մանուկյանը ստացել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ լինելու առաջարկներ, սակայն հրաժարվել են աշխատել: Նրանց համաձայնության դեպքում դատավորներն իրենք պետք է ընտրեին իրենց միջից դատավորների՝ ԲԴԽ անդամ դառնալու համար:
Իսկ ինչու՞ է ԲԴԽ-ն անդամ փնտրում: Բանն այն է, որ 2023 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրված է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով: Ենթադրվում է, որ օրակարգում լինելու է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը, քանի որ Խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի լիազորությունները հունիսի 16-ից համարվում են դադարած, եւ նրա տեղը թափուր է մնում:
Նշենք, որ հունիսի 16-ին Մեսրոպ Մակյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարեցվեցին՝ իր դիմումի համաձայն։
Մեսրոպ Մակյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է 2019 թվականից։
2022 թ.-ին նշանակվել է նաեւ Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր եւ ԲԴԽ անդամից հրաժարվեց, քանի որ, ըստ լուրերի, նա նշանակվելու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում