2018-2019 թվականներին իմ առաջնային խնդիրն էր հասկանալ բանակցային գործընթացն իր բոլոր մանրամասներով, պրոբլեմներով: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու բանակցային գործընթացի վերաբերյալ ինքը բաց ու ակնեղծ չի խոսել 2018-2019 թվականներին, այլ միայն հիմա է խոսում:

«Հարցը լեգիտիմ է, իսկ ինչու 2019-ի մասին հրապարակային չի խոսվել այս ձեւով: Կա հետեւյալ երկու հարցեր՝ իսկ որոնք էին լինելու այդ ասելիքը ասելու հետեւանքները, եւ հաջորդ հարցը՝ որն էր լինելու հաջորդ քայլը այդ ասելիքը հրապարակելուց հետո: Այդ պոտենցիալ ասելիքի ու անելիքի հետ որքանո՞վ էի ես ներդաշնակ: Մի բան է, թե որն է իրողությունը, եւ այլ բան է հաշտվել այդ իրողության հետ: Մի բան է խնդրի հետ առերեսվել, ուրիշ բան է այդ խնդրի հետ ներդաշնակվել:


Այդ ասելիքը ասելու հետեւանքը լինելու էր պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Համեյանդեպս, այդ իրողության հետ այսօր էլ ներդաշնակ չեմ, բայց ժամանակի ընթացքում եկել եմ եզրակացության, որ դրա մասին պետք է բարձրաձայնվի: Ընդ որում, դա պետք է արվի քննիչ հանձնաժողովում: Այս ամենը հնչել է այսօր, որովհետեւ այսօր եմ ես քննիչ հանձնաժողովում:

Գուցե տեսական հնարավորություն կար քննիչ հանձնաժողով ձեւավորել բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց արդեն դա անցյալ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե 2019-ին արդեն ձեզ համար պա՞րզ էր այն, ինչը գիտեք այսօր, արդյոք արդեն ձեզ համար պարզ էր, թե բանակցային գործընթացն ուր է գնում, Փաշինյանը պատասխանեց. «Նայած 2019-ի օր օրը, 2019-ի հունվարի 1-ին ուրիշ է, փետրվարը ուրիշ մարտը՝ ուրիշ: 2019-ի իմ ըմբռնումն եմ ուզում ներկայացնել: 2007-ին ունենք մադրիդյան սկզբունքներ, եւ մենք ունենք 3 սկզբունք, 6 տարր հայտնի բանաձեւը: Այդ երկուսի հիման վրա սկսվում է կազանյան գործընթացը: Համաձայնեցվում է փաստաթուղթ, որը հայկական կողմը ոչ մեծ երջանկությամբ պատրաստ է ստորագրել: Ադրբեջանական կողմը մերժում է: Դրանից հետո ի՞նչ է տեղի ունենում: Ադրբեջանը ոչ մի պրոբլեմ չի ունենում, հակառակը, մեծ հաջողությամբ զենք է գնում ոչ միայն ավանդական ուկաներից, այլեւ Կազանի հիմնական միջնորդից ՝ ՌԴ-ից: Դրանից հետո սկսվում է էսկալացիոն գործընթացը: Տեղի է ունենում բանակցային բովանդակության փոփոխություն, որին հայկական կողմը բացասաբար է արձագանքում, որից հետո տեղի է՝ ունենում պատերազմը, որը դե յուրե չի ավարտվում:

Իմ առաջին ընկալումը հետեւյալն էր, եթե բանակցային գործընթացի սեղանին կա սուբյեկտ, որը կարող է ասել՝ ոչ, եւ ձեռնարկել ռազմական բնույթի գործողություններ ու դրանից հետո հակահարված չստանալ միջազգային հանրությունից: Եվ բանակցային սեղանին նստած է երկրորդ սուբյեկտը, որը հենց որ որոշակի դժգոհություն է արտահայտում, նրա դեմ սկսվում է ռազմական գործողություն: Այս իրավիճակում ինչպե՞ս վարել բանակցությունները, ըստ էության, այն նույն կետից, որ կետից սկսվել է 2007-ին:

2019-ին ես բանակցային այս պրոցեսը աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական կոնվեյեր, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է՝ բանակցություններով տուր այն ինչ ես ուզում եմ, այլապես ես նույնը կստանամ պտերազմով: Իմ խնդիրն էր հասկանալ՝ ի՞նչ գործոններ կան, որ կարող են այս կոնվեյերը կանգնեցնել: Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այն կանգնեցնել»,-ընդգծեց Փաշինյանը: