Իլոն Մասկի եւ Մարկ Ցուկերբերգի մենամարտը կարող է տեղի ունենալ Հռոմի լեգենդար Կոլիզեումում։ Հայտնի գործարարները կարող են մարտնչել իսկական գլադիատորների պես։
Ինչպես տեղեկացրել է TMZ Sports-ը, Իտալիայի մշակույթի նախարարը կապ է հաստատել Մարկ Ցուկերբերգի հետ Իլոն Մասկի եւ նրա միջեւ կայանալիք մարտի առնչությամբ։ Դա հավանաբար ամենասպասված եւ վիթխարի մարտն է լինելու աշխարհում, այդ լեգենդար վայրում։
Վերջերս ինքը՝ Մասկն է գրել իր Թվիթերում, որ կա «որոշ շանս, որ մարտը տեղի կունենա Կոլիզեումում»։
Ավելի ուշ նա ոչ մեծ տեսահոլովակ էր տեղադրել «Բրայանի կյանքն ըստ Մոնտի Փայտոնի» ֆիլմից եւ գրել, որ պետք է աշխատի դիմացկունությունը զարգացնելու վրա։
Մասկն այս մարտին, ինչպես երեւում է, պատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ։ Ինչպես տեղեկացրել է Business Insider-ը, նա ընդունել է Ultimate Fighting Championship-ի (UFC) լեգենդ Ժորժ Սեն-Պիեռի առաջարկը իրեն Ցուկերբերգի հետ մենամարտին պատրաստելու մասին։
Սեն-Պիեռը խառը մարտաձեւերի նախկին պրոֆեսիոնալ մարտիկ է։ Նա եղել է UFC-ի երկու դիվիզիոնի չեմպիոն՝ նվաճելով հաղթողի տիտղոսները կիսամիջին եւ միջին քաշում։ Այսօրվա դրությամբ համարվում է այդ մարզաձեւի մեծագույն ներկայացուցիչներից մեկը։
«Ես ձեր մեծ երկրպագուն եմ, եւ ինձ համար մեծ պատիվ կլիներ օգնել եւ դառնալ մարզումների ձեր գործընկերը Ցուկերբերգի դեմ մարտահրավերից առաջ»,- դիմել է նա Մասկին։
Հիշեցնենք, որ վերջերս Մասկը եւ Ցուկերբերգը հերթով մարզվել էին հայտնի պոդկաստեր եւ արհեստական բանականության հետազոտող Լեքս Ֆրիդմանի հետ։
Հիշեցնենք նաեւ, որ Մասկը Ցուկերբերգին ռինգ է հրավիրել այն բանից հետո, երբ Meta ընկերությունը տեղեկացրել էր Twitter-ի մրցակից-հավելվածի ստեղծման մասին՝ Project 92 կոդային անվանմամբ։ Ցուկերբերգն ընդունել է մարտահրավերը եւ խնդրել նշել մարտի անցկացման վայրը։