44-օրյա պատերազմի ժամանակ Ֆրանսիան էլ փորձ արեց կանգնեցնել պատերազմը, ԱՄՆ-ն էլ, Ռուսաստանն է, սկսվեցին բազմաշերտ խաղերը, որի արդյունքում պատերազմը կանգնեց այնտեղ, որտեղ պետք է կանգներ, դա էր պատերազմի տրամաբանությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով բանակցություններին, Քոչարյանը կանխատեսեց, որ դրանք դեռ կձգվեն. «Ամեն մեկն իր պետական շահը պետք է սպասարկի եւ բոլորն անվտանգային խնդիրներ են: Ինչքան էլ ասենք, որ արագ պետք է հասնենք խաղաղության, կան հարցեր, որոնց շուրջ դեռ շարունակություններ կլինեն: Կարծում եմ՝ շատ հարցերում մենք կհաջողենք ու դա տեսանելի է: Դրա համար պետք է լինենք միասնական:


Ադրբեջանցիները փորձում են օգտվել պատերազմից հետո ստեղված իրենց առավելություններից, բայց դրանք զսպվում են: Աշխարհաքաղաքական շահեր կան, որոնք զսպող գործիք պետք է լինեն բանակցային գործընթացում»,-ասաց նա:

Անդրադառնալով ԳՇ նախկին պետի օրերս արած հայտարարությանը, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ անգամ այդ հայտարարությունից հետո հանձնաժողովը էական հակասություն չի տեսել Օնիկ Գասպարյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում. «Ես այդ հայտարարությունն ընթերցելուց հետո զանգահարել եմ գեներալ Գասպարյանին եւ ասել եմ, որ շատ կետեր, որտեղ չեմ տեսնում հակասություններ մեր ձեռք բերված ապացույցների եւ նաեւ վարչապետի հետ մեր երկանգամյա հանդիպումների ընթացքում, ասել եմ՝ քննարկումների տեղ կա՝ հասկանալու համար, թե պատերազմի իրողություններ ինչպիսին են եղել»:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ 7-րդ պաշտպանական շրջանի վերաբերյալ Օնիկ Գասպարյանը լրացուցիչ տեղեկատվություն է փոխանցել իրեն. «Դրանք կճշտվեն մեր հանձնաժողով հրավիրյալների հետ հարցազրույցների արդյունքում: Եվ Ջալալ Հարությունյանը, եւ Արայիկ Հարությունյանը կամբողջացնեն այն հատվածները, որտեղ թե Օնիկ Գասպարյանն է նշում, թե Նիկոլ Փաշինյանն է նշել, որ որեւէ հարց չմնա հանձնաժողովի մոտ»: