Հայկական կողմը դիմել է ՄՔԴ՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին հանել անցակետը եւ բետոնե պատնեշը Լաչինի միջանցքում։ Այս մասին տեղեկացրել է միջազգային իրավական հարցերի գծով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ։

Կիրակոսյանը հիշեցրել է միջազգային դատական ատյանների հետ վարվող աշխատանքը եւ ՄԻԵԴ եւ ՄՔԴ արդեն ընդունված որոշումները։ Կիրակոսյանը միաժամանակ նշել է, որ նշյալ երկու դատարանների որոշումները Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթեւեկելու մասին Ադրբեջանը չի կատարում։ «Առաջինն ընդունվել է ՄԻԵԴ միջանկյալ որոշումը, այն վերաբերում է անձանց որոշակի կարգի անխոչընդոտ տեղափոխմանը։ Դրա ընդունումից հետո ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, հակառակը, իրավիճակը էլ ավելի է վատացել։ Այդ ժամանակ պահանջ ներկայացվեց ՄՔԴ։ Դատարանը բավական օպերատիվորեն նիստ գումարեց, եւ փետրվարի 22-ին ընդունեց հայտնի որոշումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ձեռնարկել անձանց եւ բեռների անխոչընդոտ տեղափոխման բոլոր միջոցները։ Որոշումն ընդունվել է խտրականության բոլոր տեսակների վերացման կոնվենցիայի հիման վրա, ինչպես դիմել էր Հայաստանը։ Այսինքն՝ հստակ երեւում է Բաքվի գործողությունների խտրական բնույթը։ Եվ նորից ոչ միայն դրական տեղաշարժ չեղավ, այլեւ իրավիճակը վատացավ, Ադրբեջանն անցակետ դրեց, բետոնե պատնեշներ»,- թվարկել է Կիրակոսյանը։ Նա տեղեկացրել է, որ մայիսի կեսին ներկայացվել է եւս մեկ պահանջ ՄՔԴ՝ անցակետը եւ խոչընդոտները հանելու վերաբերյալ։ Դատարան են ներկայացվել նոր ապացույցներ եւ տվյալներ հումանիտար վիճակի մասին։ Նամակագրությունը շարունակվում է, եւ մենք հույս ունենք, որ դատարանը չի ձգձի որոշումը։ Հույս ունենք, որ կընդունվի որոշում, եւ այն կկատարվի, ասել է Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ եղել է նաեւ դիմում ՄԻԵԴ, այնուհետեւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե ուղարկելու համար։


Հարցին, թե չկան արդյոք հակասություններ Ադրբեջանի հանցավոր գործողությունների եւ խաղաղության մասին Հայաստանի հայտարարությունների միջեւ, Կիրակոսյանն ասել է, որ հակասություններ չի տեսնում։ Նա նորից դիմել է դատարանների որոշումներին՝ թվարկելով դրանց մի մասը, եւ բացատրել է, որ հակահայկական հռետորաբանությունը սերմանվել է տասնամյակներ, եւ այդքան էլ հեշտ չէ ազատվել դրանից։

ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս ընթացքում պատրաստել է մի քանի զեկույցներ, որոնցում կարեւոր տեղ է հատկացվել Բաքվի, մասնավորապես այդ երկրի նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնյաների հակահայկական հռետորաբանությանը։ «Քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով։ Ակնհայտ է, որ նման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսելն իմաստ չունի»,- ընդգծել է օմբուդսմենը։