Էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության մաս է այն միջազգային կազմակերպությունների եւ երկրների թիրախավորումը, որոնք օբյեկտիվ գնահատական են տալիս ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ Ադրբեջանի գործողություններին: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով Ադրբեջանը ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե պաշտոնական, թե հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ եւ ահազանգեր Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին:


Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունը այլ երկրների կողմից ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամին հասցեական հնարավոր գնահատականները կանխելն է:

Հայաստանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը: Որքան էլ ծանր լինի թե քաղաքականապես, թե բարոյական, թե էմոցիոնալ առումով, մենք որեւէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք»,-ընդգծեց վարչապետը: